ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀՊՄՀ-ի ուսանողները հայոց բանակի և արցախցի փոքրիկների կողքին են
04.11.2020
ՀՊՄՀ-ի ուսանողները հայոց բանակի և արցախցի փոքրիկների կողքին են

Մանկավարժական համալսարանի Ուսանողական խորհուրդը շարունակում է ամենատարբեր նախաձեռնություններով աջակցել բանակին և արցախցի փոքրիկներին: 

«Գիրքը նույնպես զենք է: Այն գնելով կարելի է ոչ միայն կրթվել, այլև նպաստել բանակի հզորացմանը». այս սկզբունքով են առաջնորդվում Մանկավարժական համալսարանի ուսանողներն ու արդեն մի քանի օր է՝ ի աջակցություն հայ զինվորի և բանակի, գրքեր են վաճառում:

ՀՊՄՀ-ի Ուսանողական խորհրդի լրատվական հանձնաժողովի պատասխանատու Տաթև Արշակյանն www.aspu.am-ի հետ զրույցում նշեց, որ համալսարանի կամավոր ուսանողներն արդեն երկու շաբաթ է, որ նաև թղթեր են հավաքում. նպատակ ունեն դրանք հանձնել վերամշակող կազմակերպություններին և ստացված հասույթն ամբողջությամբ փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին:

«Շատերը նաև գրքեր էին բերել, և ապագա մանկավարժները վերամշակման հանձնելու փոխարեն որոշեցին գրքերը վաճառել: Գրքերի վաճառքի ձեռնարկին միացել են նաև Մանկավարժական համալսարանի հենակետային վարժարանի աշակերտները: Հերթափոխով՝ միմյանց փոխարինելով ամեն օր՝ ժամը 11:00-18:00-ն վ. Իսահակյանի գրադարանի հարակից այգում իրականացնում են գրքերի վաճառք»,-նշեց Տաթև Արշակյանն ու վստահեցրեց՝ ընթերցասերները հաստատ կգտնեն իրենց հետաքրքրող գիրքը՝ մասնագիտականից մինչև գեղարվեստական գրականություն: 

 

Այս օրերին Մանկավարժական համալսարանի ուսանողները փորձում են Արցախից եկած փոքրիկներին հնարավորինս ներգրավել ուսումնական գործընթացում: «Կրթվի՛ր այսօր, որ հաղթես վաղը» կարգախոսով նախաձեռնության շրջանակներում շաբաթական 2-3 անգամ ուսանողներն այցելում են «Ուրարտու» ֆուտբոլային ակումբում բնակվող արցախցի փոքրիկներին և իրականացնում դասապատրաստում, կազմակերպում ժամանցային ծրագրեր:

«Սա լավ հնարավորություն է թե՛ ուսանողների, թե՛ աշակերտների համար. ուսանողները փորձ են ձեռք բերում, իսկ աշակերտները հետ չեն մնում կրթական գործընթացից: Կրթված մարդն ուժեղ է և 21-րդ դարում նաև կրթությամբ պետք է հաղթենք»,-նշեց Տաթև Արշակյանն ու հավելեց, որ ուսանողական ձեռնարկները կլինեն շարունակական այնքան ժամանակ, որքան կպահանջվի: