ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀՊՄՀ-ի ուսանողները` Լիտվայի «Ամառային դպրոցում»
13.08.2017
ՀՊՄՀ-ի ուսանողները` Լիտվայի «Ամառային դպրոցում»

«Ամառային դպրոց 2017» միջազգային ծրագրի շրջանակներում ապագա մանկավարժները Լիտվայում էին, ուր անցկացրած 10 օրերի ընթացքում հնարավորություն ունեցան երկրի կրթական համակարգին ու մշակույթին ծանոթանալը համատեղել լավ ժամանցի հետ:

Լիտվայի կրթական գիտությունների համալսարանի դասախոսները ծրագրի մասնակիցներին ծանոթացրին մերձբալթյան գողտրիկ երկրի պատմությանը, մշակույթին ու լեզվին. առաջին օրից ծրագիրը հագեցած էր քաղաքային զբոսանքներով,  տեսարժան վայրեր այցերով:

Համալսարանի մասին դասախոսություն, այց Վիլնյուսի Հին, ինչպես նաև Կերնավե քաղաքներ և Լիտվայի 13-֊րդ դարի մայրաքաղաք՝ Տրակայ, որի ամրոց-թանգարանում հայ ուսանողները ծանոթացան երկրի պատմության տարբեր փուլերին վերաբերող իրերի, գեղանկարների ու ձեռագրերի: Ծրագրի մասնակիցների հաջորդ կանգառը Լիտվայի Կաունաս քաղաքն էր, որը հայ ուսանողներին տպավորեց իր բազմաթիվ գրախանութներով, սրճարաններով ու լիտվական կոլորիտով:

«Աններելի կլիներ չայցելել նաև Վիլնյուսի նկարիչների թաղամաս` Ուժուպիս, որը քաղաքի այլ թաղամասերից տարբերվում էր յուրօրինակ մթնոլորտով, սթրիթ-արտի յուրատեսակ դրսևորմամբ, փակ ու բաց ցուցասրահների առատությամբ»,-aspu.am-ի հետ զրույցում նշեց ՀՊՄՀ-ի ուսանողուհի Աստղիկ Կիրակոսյանն ու անմոռանալի հուշերի կողքին հավելեց նաև Վիլնյուսի պետական համալսարանից և երկրի միակ հայկական Սուրբ Վարդան եկեղեցում ստացած տպավորությունները:

10-օրյա միջազգային ծրագրի ընթացքում այցեր եղան նաև թանգարաններ, հինավուրց շինություններ ու տաճարներ, ամրոցներ, որտեղ ամեն անկյունում գերիշխում էր միջնադարյան մշակութային շունչը:  

«Ամառային դպրոց 2017» միջազգային ծրագրի մասին խոսելիս Մանկավարժականի ոսւանողները հավելեցին, որ իրականացավ ծրագրի կարևորագույն նպատակներից մեկը`  տարբեր երկրներից եկած ուսանողների միջև ընկերական և միջմշակութային կապեր հաստատելը. «Ծրագրին մասնակցելը ունեցավ ևս մեկ էական և կարևոր նշանակություն. ծանոթանալով  բազմաթիվ ազգերին ու նրանց մշակույթին` մենք ևս մեկ անգամ վերագնահատեցինք մերը` հայկականը»,-հավելեցին ուսանողները: