ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀՊՄՀ-ի ուսանողները մասնակցեցին միջբուհական գիտաժողովի
22.02.2017
ՀՊՄՀ-ի ուսանողները մասնակցեցին միջբուհական գիտաժողովի

ՀՊՄՀ-ի Ուսանողական գիտական ընկերության և Ուսանողական խորհրդի համագործակցության արդյունքում բուհի տարբեր ֆակուլտետների 20 ուսանող Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղում մասնակցեց «Պետության հզորացման միտումները և երիտասարդության հիմնախնդիրները» խորագրով միջբուհական գիտաժողովի։

Սկզբնական կրթության, Գեղարվեստական կրթության, Պատմության և իրավագիտության, Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետների ուսանողները հանդես եկան զեկույցներով՝ անդրադառնալով երիտասարդության ժամանակակից հիմնախնդիրներին:

Ապագա մանկավարժներն անդրադարձան տարրական կրթության հիմնախնդիրներին, կարևորեցին գեղագիտական դաստիարակության դերը կրթության ոլորտում, ընդգծեցին պատմության դերն ու նշանակությունը՝ որպես ներկայի դաս, կրթության համատեքստում ներկայացրին հոգեբանական ժամանակակից մոտցեումներ:

«Գիտաժողովի նպատակը երիտասարդության հիմնախնդիրների, պետության հզորացման գործում նրանց առաջարկների ու տեսակետների քննարկումն է»,-նկատեց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն, պատմ. գիտ. թեկն., դոցենտ Սամվել Առաքելյանը՝ սահմանամերձ մարզում ընդգծելով նման թեմայով հանրապետական գիտաժողով կազմակերպելու կարևորությունն ու արդիականությունը:

ՀՊՄՀ-ի Կրթության հեգբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանող, բուհի Ուսանողական գիտական ընկերության փոխնախագահ Միշա Թադևոսյանը aspu.am -ի հետ զրույցում նշեց, որ գիտաժողովը երկու բուհերի ուսանողների համար նոր սկզբնակետ էր, որով կամրապնդվի նաև հետագա համագործակցությունը.«Ստեղծվել էր մի դաշտ, որտեղ ուսանողները փոխանակվեցին իրենց կարծիքներով, փորձեցին գտնել համախոհներ, միավորել գաղափարներն ու լուծում տալ կրթության ոլորտում բարձրաձայնած խնդիրներին»:

Մասնակից ուսանողներից Արմինե Խրոյանը, Միշա Թադևոսյանը, Անահիտ Հովակիմյանը, Սուսաննա Մնացականյանը, Վերոնիկա Թորոսյանը, Գայանե Մարգարյանը գիտական արժեք ներկայացնող զեկույցների համար արժանացան նաև հատուկ շնորհակալագրերի:

Գիտաժողովի նյութերը կտպագրվեն առանձին ժողովածուի տեսքով։