ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀՊՄՀ-ի ուսանողները՝ միջազգային ծրագրի անմիջական մասնակից
09.06.2020
ՀՊՄՀ-ի ուսանողները՝ միջազգային ծրագրի անմիջական մասնակից

2017 թվականից ՀՊՄՀ-ն Էրազմուս+ «Հայաստանյան համալսարանների միջազգայնացման ռազմավարության և մարքեթինգի խթանում» (BOOST) ազգային ծրագրի համակարգողն է։ Ծրագրի նպատակն է նպաստել և խրախուսել ՀՀ բարձրագույն կրթության միջազգայնացմանը՝ մշակելով ազգային և ինստիտուցիոնալ քաղաքականության համապատասխան շրջանակ և գործիքակազմ:

Հուլիսին նախատեսվում է ծրագրի ամփոփիչ միջազգային համաժողովը, որի շրջանակներում ներկայացվելու են ծրագրի ընթացքում կատարված աշխատանքները և ձեռքբերումները։ BOOST ծրագրի ազդեցությունը ընդլայնելու և ուսանողներին ծրագրի անմիջական մասնակից դարձնելու նպատակով, ծրագրի գործընկերների քննարկման արդյունքում որոշվեց ծրագրի ամփոփիչ համաժողովի մարկետինգային նյութերի ստեղծման գործընթացում ընդգրկել նաև ՀՊՄՀ-ի Գեղարվեստական կրթության ֆակուլտետի ուսանողներին։

Ուսանողներից ակնկալվում էր նկարել իրենց տրամադրած կտորե պայուսակների վրա աբսրակտ տեսարաններ կամ Հայաստանը ներկայացնող խորհրդանիշներ։  Հայտարարվեց մրցույթ, որին արձագանքեցին բուհի մեծ թվով ուսանողներ։ Միջազգային համագործակցության բաժնի ջանքերով արտակարգ իրավիճակի պայմաններում Երևանում և մարզերում բնակվող շուրջ 34 ուսանողների հանձնվեցին պայուսակներն ու ներկերը։

ՀՊՄՀ-ի տաղանդավոր ուսանողների աշխատանքներն այսօր արդեն միջազգային համագործակցության բաժնում են, դրանցից լավագույնները կարժանան մրցանակի։  Նշենք, որ աբովյանականների ստեղծագործություններով պայուսակները կբաժանվեն միջազգային համաժողովի մասնակիցներին՝ աշխարհով մեկ ներկայացնելով կրթությունը Հայաստանում և ՀՊՄՀ-ի ուսանողների աշխատանքը։