ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀՊՄՀ-ն՝ «Արվեստների և արհեստների» փառատոնում
10.09.2023
ՀՊՄՀ-ն՝ «Արվեստների և արհեստների» փառատոնում

Դիլիջանում անցկացվեց «Արվեստների և արհեստների» միջազգային փառատոնը:

Ամենամյա փառատոնին այս տարի առաջին անգամ մասնակցության հրավեր էր ստացել նաև Մանկավարժական համալսարանը։

Գեղարվեստական կրթության և Կուլտուրայի ֆակուլտետների մի շարք դասախոսներ և ուսանողներ իրենց մասնակցությունն ունեցան փառատոնին, որում Մանկավարժական համալսարանին շնորհվեց հավաստագիր և գավաթ` ազգային մշակութային արժեքներն ու ավանդույթները սերունդների սեփականությունը դարձնելու գործում տարիների փորձառության, բազմաբեղուն գործունեության համար։

Փառատոնի շրջանակներում բոլոր մարզերը ներկայացրին դեկորատիվ-կիրառական արվեստի բացառիկ նմուշներ, գորգարվեստ, ասեղնագործություն, փայտարվեստ, դարբնագործություն, ազգային տարազներ, կերպարվեստ, զարդեր, երաժշտություն և այլն։ Հատկանշական է, որ գրեթե բոլոր տաղավարներում ազգային մշակույթը ներկայացնում էին Մանկավարժականի տարբեր տարիների շրջանավարտները։

Գեղարվեստական կրթության ֆակուլտետի դեկան Արա Հակոբյանը aspu.am-ի հետ զրույցում կարևորեց բուհի մասնակցությունը փառատոնին և հավելեց․ «Փառատոնը յուրատեսակ համագործակցություն և փորձի փոխանակում էր ՀՊՄՀ-ի դասախոսների և մարզերի մշակույթը ներկայացնողների՝ հատկապես մեր շրջանավարտների միջև։ Շրջեցինք տաղավարներով, ծանոթացանք մարզերի մշակույթին․ սա կրկնակի կարևոր է նաև այսօրվա ուսանողի համար՝ ազգային մշակույթը ամենուր պահպանելու տեսանկյունից»։

Կերպարվեստի ամբիոնի պրոֆեսոր Անուշ Եղիազարյանն ուրախ է, որ ամենամյա փառատոնին հրավեր ստացավ նաև Մանկավարժական համալսարանը՝ որպես ազգային մշակույթը պահպանող և այն սերունդներին փոխանցող կրթօջախ։ Նա հպարտությամբ հավելեց, որ փառատոնի ընթացքում հանդիպեց և առիթ ունեցավ հիանալու իր սաների հաջողություններով։ «Արվեստների և արհեստների» միջազգային փառատոնի ընթացքում անցկացվեցին վարպետության դասեր, ներկայացվեց նաև տարբեր երկրների մշակույթն ու խոհանոցը, եղավ գինու համտես և լավաշի թխման արարողություն։ Փառատոնն ուղեկցվեց երաժշտական կոլեկտիվների և աշխարհի ֆոլկլյորը ներկայացնող գեղարվեստական խմբերի ելույթներով։