ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀՊՄՀ-ն և Չինաստանի Հարավարևմտյան համալսարանը կհամագործակցեն
15.06.2017
ՀՊՄՀ-ն և Չինաստանի Հարավարևմտյան համալսարանը կհամագործակցեն

Այսօր Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական և Չինաստանի Հարավարևմտյան համալսարանի միջև ակադեմիական, մշակութային և կրթական համագործակցությունը խթանելու նպատակով կնքվեց համագործակցության հուշագիր:

ՀՊՄՀ-ի և ՉՀԱՀ-ի երկկողմանի համաձայնության արդյունքում՝ համագործակցություն սահմանվեց դասախոսական կազմի, ուսանողների, տեղեկատվության, գիտական նյութերի և տպագրությունների փոխանակման, ինչպես նաև համատեղ հետազոտական գործունեության, գիտական կոնֆերանսների և սեմինարների մասնակցության հրավերների պատրաստման, կարճաժամկետ կրթական ծրագրեր իրականացնելու վերաբերյալ:

Մանկավարժական համալսարան հյուրընկալած Չինաստանի Հարավարևմտյան համալսարանի պատվիրակությանը՝ բուհի փոխնախագահ Սուի Յանքյանգի ղեկավարությամբ, ընդունեց ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը:

Կողմերը ներկայացրին իրենց ղեկավարած կառույցների առաքելությունը, գործունեությունը, մասնագիտությունների ցանկը և նկատեցին, որ մի շարք նմանությունները թույլ են տալիս իրականացանել արդյունավետ համագործակցություն ամենատարբեր ուղղություններով:

«Պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների թվով ՀՊՄՀ-ն երկրորդն է ՀՀ-ում. եռաստիճան կրթական համակարգ ունեցող բուհն այս տարի նշում է հիմնադրման 95-ամյակը: Բուհի հիմնական առաքելությունը դպրոցների համար մանկավարժներ պատրաստելն է. կրթությունն իրականացվում է 60 մասնագիտությունների գծով, իսկ որոշ մասնագիտություններում մենաշնորհային դիրքում ենք՝ հատուկ կրթություն, գրադարանագիտություն և մատենագիտություն, թանգարանագիտություն, պարարվեստի մանկավարժություն և այլն»,- հանդիպման ընթացքում նշեց Ռուբեն Միրզախանյանը:

ՀՊՄՀ-ի ռեկտորը ընդգծեց՝ բուհը հետաքրքրված է և ամեն ինչ կանի ՉԺՀ-ի համալսարանների հետ գործընկերություն հաստատելու համար. լուրջ շարժառիթ է նաև նախորդ տարի ՀՀ ԿԳ նախարարության պատվիրակության կազմում Չինաստան կատարած եռօրյա այցն ու այնտեղ ունեցած պաշտոնական հանդիպումները:

ՀԱՀ-ի փոխնախագահ Սուի Յանքյանգը հայ գործընկերներին հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ Մանկավարժական համալսարանի մասին տեղեկացել են բուհի շրջանավարտից, ով  իր հետբուհական կրթությունը շարունակում է իրենց բուհում:

Սուի Յանքյանգը նկատեց՝ գործընկերների հետ ՀՊՄՀ-ի թանգարան և Առաջին համալսարանական ռադիո կատարած շրջայցի ընթացքում հասցրել են ծանոթանալ բուհի պատմությանն ու ժամանակագրությանը.«Յուրաքանչյուր համալսարանի համար մեծ կարևորություն ունի անցած ուղին և պատմությունը:

Չինաստանում ընդունված է համարել՝ որքան հին է բուհը, այնքան լավն է այն: Մեր համալսարաններն այդ առումով լուրջ նմանություններ ունեն, այդ թվում՝ երկուսն էլ կոչված են մանկավարժներ կրթելուն»:

Բակալավրիատի կրթական ծրագրով 103 մասնագիտություն և 100-ից ավել հետազոտական ծրագրեր իրականացնող բուհի փոխնախագահը ՀՊՄՀ-ի ղեկավար կազմին հրավիրեց գեղատեսիլ Չոնգքինգ քաղաքում տեղակայված իրենց համալսարան՝ վստահեցնելով, որ այն ՉԺՀ-ում լավագույն կրթական հաստատությունն է:

Ռուբեն Միրզախանյանը նկատեց, որ թեպետ Մանկավարժականը ՉԺՀ-ի Բաց համալսարանի հետ ևս կնքել է համագործակցության հուշագիր, սակայն Հարավարևմտյան համալսարանն առաջին է, որ ներկայանում է նման պատվիրակությամբ:

Կողմերը փոխանակվեցին հուշանվերներով, ապա ՀԱՀ-ի պատվիրակները աշխատանքային հանդիպումներ ունեցան ՀՊՄՀ-ի մի շարք ֆակուլտետների, ստորաբաժանումների ղեկավարների հետ, երկուստեք ծանոթացան գիտաուսումնական աշխատանքներին, քննարկեցին համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: