Այսօր Մանկավարժական համալսարանի և Հայաստանի նկարիչների միության միջև կնքվեց համագործակցության հուշագիր։ Հուշագիրը ստորագրեցին Գեղարվեստական կրթության ֆակուլտետի դեկան Արա Հակոբյանն ու Միության նախագահ Սուրեն Սաֆարյանը։
Հուշագրի համաձայն՝ կողմերը կհամագործակցեն կրթության‚ գիտության, մշակութային և այլ ոլորտներում։ Նախատեսվում է միության անդամների, ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի‚ ուսանողների աշխատանքների ցուցահանդեսների կազմակերպում։
Հմտությունների բարելավման և մասնագիտական գործունեության գիտամանկավարժական հենքն ապահովելու համար կանցկացվեն նաև մասնագիտական դասընթացներ, սեմինարներ‚ վերապատրաստման ծրագրեր ու վարպետության դասեր։
«Երկու կառույցների միջև առկա է սերտ համագործակցություն։ Վստահ եմ՝ հուշագիրը կնպաստի կրթական, մշակութային և գիտական համագործակցության ընդլայնմանն ու առկա կապերի ամրապնդմանը»,- aspu.am-ի հետ զրույցում նշեց Գեղարվեստական կրթության ֆակուլտետի դեկան Արա Հակոբյանը՝ ընդգծելով հուշագրի կարևորությունը։
Վերջինս վստահեցրեց՝ առաջիկայում կկնքվեն նոր հուշագրեր՝ ընդլայնելով ֆակուլտետի համագործակցության շրջանակը։