ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀՊՄՀ-ն և Պեկինի մանկավարժական համալսարանը կհամագործակցեն
30.10.2017
ՀՊՄՀ-ն և Պեկինի մանկավարժական համալսարանը կհամագործակցեն

Երկօրյա աշխատանքային այցով Մանկավարժական համալսարանում էին Հայաստանում Կոնֆուցիուսի ինստիտուտի չինական կողմի տնօրեն Յան Մեյխուան, Պեկինի մանկավարժական համալսարանի չինարեն լեզվի և մշակույթի ինստիտուտի տնօրեն Չժու Ժույպին և աշխատակից Չժան Սյուեցին:

Հայ և չին գործընկերներն աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկեցին երկու բուհերի համագործակցության ուղղությունները, ՀՊՄՀ-ում չինարենի՝ որպես մասնագիտության ներդրման նախապայմանները, համատեղ ծրագրեր ու պլաններ կազմելու վերաբերյալ մի շարք հարցեր:

Համալսարանի Աշխատակազմի և միջազգայնացման համագործակցության գծով պրոռեկտոր Արա Երեմյանը ողջունեց չին գործընկերներին և վստահեցրեց, որ Մանկավարժական համալսարանը պատրաստ է համագործակցելու, զարգացնելու երկու բուհերի միջև կապերը: Պրոռեկտորն ընդգծեց, որ ՀՊՄՀ-ն մեծ նշանակություն է տալիս չինարենին, այդ երկրի մշակույթին և պատրաստ է այդ ուղղությամբ մշակել կրթական ծրագրեր, ուսումնական պլաններ:

«Արդյունավետ համագործակցության համար անհրաժեշտ է միմյանց լավ ճանաչել»,-նշեց Պեկինի մանկավարժական համալսարանի չինարեն լեզվի և մշակույթի ինստիտուտի տնօրեն Չժու Ժույպինը և հավելեց, որ Հայաստան այցի ընթացքում նախատեսել են ունենալ գործնական հանդիպումներ, ճշգրտել նախորդ տարի երկու բուհերի ռեկտորների միջև կնքված համաձայնագրի մանրամասները:

Չժու Ժույպինն ընդգծեց, որ Պեկինի մանկավարժական համալսարանի չինարեն լեզվի և մշակույթի ինստիտուտն ունի առաջատար մի շարք համալսարանների հետ միջազգային համագործակցության մեծ փորձ և արդյունքներ, ինչը նոր համագործակցության համար կարևոր պայման և լավ սկիզբ է:

«Երկու համալսարանների առաքելությունն էլ նույնն է՝ կրթել ապագա ուսուցիչներ»,-նշեց Չժու Ժույպինն ու վստահեցրեց, որ այդ ճանապարհին իրենք մեծ հետաքրքրություն ունեն Մանկավարժական համալսարանի հանդեպ:

ՀՊՄՀ-ի Օտար լեզուների ֆակուլտետի դեկան Տիգրան Միքայելյանը չին գործընկերներին ներկայացրեց բուհում օտար լեզուների մասնագիտական և ոչ մասնագիտական դրվածքը և հավելեց՝ ներդրման դեպքում, չինարենը կլինի այն բացառիկ լեզուն, որով կներմուծվի յուրօրինակ մշակույթ. «Մեզանում մեծ է չինարենի հանդեպ հետաքրքրությունը. հույս ունենք, որ կկարողանանք ապահովել ակադեմիական համապատասխան միջավայր»,-հավելեց Տիգրան Միքայելյանը:

ՀՊՄՀ-ի և Պեկինի մանկավարժական համալսարանի չինարեն լեզվի և մշակույթի ինստիտուտի հետ համագործակցությունը ենթադրում է նաև ուսումնական պլանների և կրթական ծրագրերի մշակում:

Կրթական գործընթացների կառավարման և բարեփոխումների վարչության պետ Մկրտիչ Ավագյանն անդրադարձավ այդ ուղղությամբ վարչության գործառույթներին և վստահեցրեց, որ բուհն օտար լեզուների գծով ուսումնական պլանների և կրթական ծրագրերի մշակման մեծ փորձ ունի:

«Յուրաքանչյուր օտար լեզվի ներդրման համար կան տվյալ լեզվի դասավանդման յուրահատուկ սկզբունքներ ու մոտեցումներ. դրանք մշակելու համար պետք է նախ ստեղծել աշխատանքային խումբ: Ձեր միջազգային համագործակցության փորձն անհրաժեշտ է համատեղ աշխատանքնի արդյունքնում տեղայնացնել, որի հաջողության դեպքում բուհում կներդրվի «Չինարեն լեզու և մշակույթ» նոր մասնագիտություն»,-նշեց Մկրտիչ Ավագյանն ու վստահեցրեց, որ Մանկավարժական համալսարանում խիստ կարևորվում է օտար լեզուների ուսուցումը:

Աշխատանքային առաջին օրվա ավարտին չին հյուրերին ընդունեց նաև Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը: Ռեկտորը ծանոթացրեց 95-ամյա համալսարանի պատմությանը, ֆակուլտետներին, խոսեց մանկավարժական ամենամեծ դարբնոցի գործունեության կարևորության մասին և ընդգծեց, որ մի շարք մասնագիտության գծով բուհը մենաշնորհ ունի:

«Հավաստիացնում եմ, որ վճռական և պատրաստակամ ենք համագործակցության համար, քանի որ բարձր ենք գնահատում չին ժողովրդի պատմությունը, մշակույթն ու կրթական հարուստ ավանդույթները»,-նշեց Ռուբեն Միրզախանյանն ու Չժու Ժույպինին հանձնեց Պեկինի մանկավարժական համալսարանի ռեկտորին Հայաստան, Մանկավարժական համալսարան այցելելու հրավեր:

Հանդիպման ընթացքում ռեկտորը խոսեց նաև բուհի շախմատային, սպորտային, մշակութային ձեռքբերումներից և հույս հայտնեց, որ առաջիկայում կազմակերպվելիք փոխայցելությունները հնարավորություն կընձեռեն մանրամասն ծանոթանալ այն ուղղություններին, որոնցով հնարավոր է համագործակցել:

Չժու Ժույպինը շնորհակալություն հայտնեց ընդունելության համար և վստահեցրեց, որ գործընկերների հետ ունեցած քննարկումները արդյունավետ էին, հետաքրքիր. «Եթե Մանկավարժական համալսարանում չինարենը ներդրվի որպես մասնագիտություն, ապա երկու երկրների համար էլ այն մեծ կարևորություն կունենա»,-նշեց նա և հավելեց, որ ՀՊՄՀ-ի թանգարանում շրջելով համոզվեցին՝ այս համալսարանն իր ժամանակի մեջ մեծ ազդեցություն է ունեցել, որի հետ համագործակցությունն իրենց համար մեծ պատիվ է:

Նշենք, որ Հայաստանում Կոնֆուցիուսի ինստիտուտի տնօրեն Գոռ Սարգսյանի ուղեկցությամբ  չին գործընկերներն աշխատանքային այցի շրջանակներում կլինեն նաև ՀՊՄՀ-ի Կուլտուրայի և Գեղարվեստական կրթության ֆակուլտետներում: Հյուրերն այցելեցին նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, եղան Մայր տաճարում և թանգարանում: