Ֆրանկոֆոնիայի Հայաստանի ազգային գրասենյակի, ՀՀ դեսպանատների, բուհերի ներկայացուցիչներ և ուսանողներ մասնակցեցին Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում կազմակերպված համալսարանական ֆրանկոֆոնիայի օրերի հանդիսավոր բացմանը։
Միջոցառումը միտված էր մեկ անգամ ևս արժևորել և տարածել ֆրանկոֆոն մշակույթն ու համընդհանուր արժեքները։ Ներկաները կարևորեցին կրթական կառույցների կողմից ֆրանկոֆոն ուսանողների պատրաստումը՝ ի նպաստ մեր երկրում ֆրանկոֆոնիայի շարունակականության, իսկ Ֆրանկոֆոնիայի Հայաստանի ազգային գրասենյակի ներկայացուցիչը նշեց՝ շարունակում են առաջնորդվել փոխօգնություն, համերաշխություն, բազմազանություն սկզբունքով։
Մանկավարժական համալսարանը հայաստանյան հինգ բուհերից է, որ 2013 թվականից անդամակցում է Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալությանն ու տարիներ շարունակ ատիվ մասնակցություն ունենում մշակութային և գիտակրթական միջոցառումների։
«Ֆրանկոֆոնիայի օրերն առանձնահատուկ տեղ են զբաղեցնում մեր սրտերում, խորհրդանշում Հայաստան-Ֆրանսիա դարավոր կապը, ընդգծում մշակութային ժառանգությունն ու լեզվական բազմազանությունը, որ սահմանում է համաշխարհային հանրությունը։ Այն լեզվական փոխանակման, փոխըմռնման և համագործակցության արժեքների վկայությունն է, որ անցնում է աշխարհագրական սահմանները»,- իր խոսքում նշեց ՀՊՄՀ Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը։
ՀՊՄՀ պրոռեկտորն ընդգծեց՝ Մանկավարժականը շարունակում է տարբեր ակադեմիական և փոխանակման ծրագրերի, համագործակցությունների միջոցով հավատարիմ մնալ լեզվական և մշակութային բազմազանության խթանմանը։ Վստահ են՝ բազմազանության ընդունումը հարստացնում է կրթական փորձն ու ուսանողներին զինում անհրաժեշտ հմտություններով։
Մարիաննա Հարությունյանը հույս հայտնեց, որ նոր ծրագրերն ու նախաձեռնությունները կշարունակեն ոգեշնչել և ճանապարհ հարթել մեծ ձեռքբերումների համար, իսկ Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում կազմակերպված միջոցառումները կվերահաստատեն ֆրանսերենի նկատմամբ նվիրվածությունը, կնպաստեն ստեղծագործական ունակությունների զարգացմանն ու բոլոր ֆրանկոֆոնների միջև միասնության ոգու ձևավորմանը։
Հանդիսավոր բացմանը հաջորդեց համերգային ծրագիր՝ ֆրանկոֆոն անդամ բուհերի ուսանողների մասնակցությամբ։ ՀՊՄՀ Գեղարվեստական կրթության և Կուլտուրայի ֆակուլտետների ուսանողները ներկայացրին երաժշտական և պարային կատարումներ, որոնք արժանացան հանդիսատեսի բարձր գնահատանքին։