ՀՀ քննչական կոմիտեի կազմավորման 10-ամյակի շրջանակներում համագործակցության հուշագիր է ստորագրվել Մանկավարժական համալսարանի հետ։ Հուշագիր է ստորագրվել ևս 8՝ hանրապետությունում իրավաբանների պատրաստման և վերապատրաստման, իրավագիտության զարգացման ոլորտում ակտիվ գործունություն ծավալող գիտաուսումնական հաստատության հետ։
Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն ու ՀՊՄՀ Ուսումնագիտական գծով պրոռեկտոր Մարիամ Իսպիրյանը։
«ՀՀ քննչական կոմիտե.10-ամյա իրողություններ և զարգացման հեռանկարներ» խորագրով գիտաժողով-սեմինարի ընթացքում ստորագրված հուշագրերի նպատակն է ձևավորել համագործակցության առավել արդյունավետ ձևաչափ՝ իրավական կրթության և գիտհետազոտական ոլորտի, ուսանողների կարիերայի արդյունավետ պլանավորման, տեսական և գործնական գիտելիքներն ամրապնդելու, ինչպես նաև՝ ՔԿ քննիչների մասնագիտական զարգացմանն ուղղված ծրագրերում բուհերի մտավոր ու գիտական ներուժն ավելի նպատակային օգտագործելու համար։
Հուշագրով կողմերը նախատեսում են համագործակցել Կոմիտեում ուսանողների ուսումնաարտադրական պրակտիկայի, համատեղ գիտակրթական միջոցառումների անցկացման ոլորտներում, ներգրավվել գիտահետազոտական ծրագրերում, համատեղ մշակված ուսումնական և մեթոդական նյութերով անցկացնել սեմինարներ, բաց դասեր և այլն։
Գիտաժողովի մասնակիցներն ընդգծել են, որ համագործակցությունը որակապես նոր էջ է բացում ՀՀ քննչական կոմիտեի և գիտաուսումնական հաստատությունների հարաբերություններում։
Նշենք, որ «ՀՀ քննչական կոմիտե.10-ամյա իրողություններ և զարգացման հեռանկարներ» խորագրով գիտաժողով-սեմինարին զեկույցով հանդես է եկել նաև ՀՊՄՀ Պատմության և հասարակգիտության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Մերի Հայրապետյանը։ Նա ներկայացրել է «Ժամանակակից իրավապահ համակարգում ՀՀ քննչական կոմիտեի հատուկ դերը» թեման, անդրադարձել կառույցի նշանակությանն ու կարևորությանն երկրի անվտանգության և իրավական համակարգի պահպանման գործում։
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը Մերի Հայրապետյանին հանձնել է շնորհակալագիր։