ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀՊՄՀ-ն կհամագործակցի Պերկինս միջազգային կազմակերպության հետ
12.07.2021
ՀՊՄՀ-ն կհամագործակցի Պերկինս միջազգային կազմակերպության հետ

Մանկավարժական համալսարանի Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետում տեղի ունեցավ հանդիպում ամերիկյան Պերկինս միջազգային կազմակերպության տնօրեն Դարյա Յուդովիչի հետ։

Հանդիպման նպատակն էր նոր համագործակցության եզրեր ուրվագծելը, ինչը հնարավորություն կտա ֆակուլտետի 12 դասախոսի վերապատրաստվել միջազգային ճանաչում ունեցող մոդուլային ծրագրի շրջանակներում։

Ծրագրի շնորհիվ կվերանայվեն և կներդրվեն նոր դասընթացներ։

Բուհի Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի ուսանողները հնարավորություն կունենան գործող ժամանակակից մեթոդաբանությամբ իրականացնել զարգացման բազմակի խնդիրներ ունեցող երեխաների գնահատման գործընթացը։

Հանդիպմանը ներկա էին Խարբերդի մասնագիտացված մանկատան տնօրեն Հարություն Բալասանյանը, Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի դեկան Սիրանուշ Կարապետյանը, ՀՊՄՀ-ի Միջազգային համագործակցության բաժնի ղեկավար Մարիաննա Հարությունյանը, ներկայացուցիչներ պրոֆեսորադասախոսական կազմից։

Ֆակուլտետի դեկան Սիրանուշ Կարապետյանը, հաշվի առնելով ոլորտում տեղի ունեցող բարեփոխումները, ընդգծեց նախաձեռնության կարևորությունը՝ որակելով այն չափազանց արդիական և պահանջված։

Միջազգային համագործակցության բաժնի ղեկավար Մարիաննա Հարությունյանն էլ կարևորեց համագործակցության մեկնարկը, դրա շարունակականությունը, ծրագրում ուսանողների ներգրավվածության հարցի քննարկումը։

Համագործակցող կողմերը պայմանավորվեցին սկսել ծրագիրը և անմիջապես անցնել պայմանագրային գործընթացին։