ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀՊՄՀ-ն կհամագործակցի Շվեյցարիայի Լյուցերնի համալսարանի հետ
29.02.2024
ՀՊՄՀ-ն կհամագործակցի Շվեյցարիայի Լյուցերնի համալսարանի հետ

ՀՊՄՀ-ն համագործակցություն է սկսում Շվեյցարիայի Լուցերնի համալսարանի Առողջապահության համաշխարհային համակարգերի վերականգնողական կենտրոնի հետ։

Նախագիծն իրականացվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հռչակված «Առողջ ծերացման տասնամյակ»-ի շրջանակներում։ Այն նպատակ ունի ոլորտային ուսումնասիրություններ իրականացնել Հայաստանում, ինչպես նաև կազմակերպել վերապատրաստումներ Հայաստանի վերականգնողական ոլորտի այն կառույցների համակարգող մասնագետների համար, որոնք աշխատում կամ ծառայություններ են մատուցում վաթսուն տարեկանից բարձր անձանց։

Մանկավարժական համալսարանը ծրագրում ներառվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի ուղղորդմամբ։ Ծրագիրը հիմք է նախապատրաստելու հետագա աշխատանքների համար՝ Հայաստանում և զարգացող երկրներում կիրառել վերականգնումը՝ որպես «Առողջ ծերացման» միջոց։

Նախագծի ընթացքում կմշակվեն մոդուլներ, որոնք կներդրվեն Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի մասնագիտական կրթական ծրագրերում՝ էրգոթերապիա, լոգոպեդիա, հատուկ հոգեբանություն և այն մասնագիտություններում, որոնց շրջանակներում վերականգնողական աշխատանք է տարվում վաթսուն տարեկանից բարձր անձանց հետ։ Ոլորտի մասնագետների հետ վերապատրաստումները կազմելու են նախագծի կարևոր բաղադրիչը և բարեհաջող իրականացման հիմքը։ Դրանք համահունչ են ներկայիս բարեփոխումներին և միջազգային պահանջներին և հնարավորություն կտան զարգացնելու ոչ միայն կրթական ծրագրերը, այլև ծերերի կյանքի որակը Հայաստանում և զարգացող այլ երկրներում։

Նախագծում ներառված են Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, ԱՀԿ հայաստանյան գրասենյակը և Եվրոպայի մասնաճյուղը:

Ծրագրի պաշտոնական բացումը տեղի կունենա Մանկավարժական համալսարանում հունիսի 21-ին, իսկ հունիսի 22-ին կմեկնարկեն վերապատրաստումները։ Աշխատանքային երկու օրերին անդրադարձ կկատարվի առողջ ծերացման հիմնախնդիրներին։

Նշենք, որ Մանկավարժական համալսարանն առաջին անգամ է մասնակցում և գլխավորում նման նախաձեռնություն՝ վերապատրաստելով Հայաստանի վերականգնողական ոլորտի տարբեր մասնագետների, բժիշկների, վարչական անձնակազմի։