ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀՊՄՀ-ն կվերապատրաստի նախադպրոցական հաստատությունների մանկավարժների
05.12.2024
ՀՊՄՀ-ն կվերապատրաստի նախադպրոցական հաստատությունների մանկավարժների

Մանկավարժական համալսարանը կրկին երաշխավորվել է նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների վերապատրաստումներ իրականացնելու համար։

Դեկտեմբերի 5-21-ն անցկացվող 90 ժամ տևողությամբ դասընթացին կմասնակցի 50 վերապատրաստվող՝ մայրաքաղաքից և մարզերից։
Խառը՝ առցանց և առերես ձևաչափով իրականացվող վերապատրաստումները կանցկացնեն բուհի Նախադպրոցական մանկավարժության և մեթոդիկաների ամբիոնի դասախոսական կազմը։ Դասընթացները կլինեն նորարարական մոտեցումներով, նախադպրոցական կրթության ոլորտում իրականացվող փոփոխությունների շեշտադրմամբ և փոխներգործուն մեթոդներով:

ՀՊՄՀ Ուսումնագիտական գծով պրոռեկտոր Մարիամ Իսպիրյանը վերապատրաստման առաջին օրը ողջունեց մասնակիցներին և պարտավորեցնող համարեց, որ նախապատվությունը տվել են հենց մանկավարժական բուհին։

Նա բարի ընթացք մաղթեց և վստահեցրեց՝ վերապատրաստվողները հնարավորություն կունենան լավարկել մասնագիտական կարողություններն ու հմտությունները․ ամենայն պատասխանատվությամբ են մոտենում գործընթացին, դասավանդողներն էլ ոլորտի առաջատար մասնագետներն են, որոնք լավագույնն են նաև հանրապետության մասշտաբով․ «Մանկավարժականը տարիներ շարունակ իրականացնում է վերապատրաստումներ՝ տարբեր ուղղություններով։ Ուրախալի է, որ գործընթացը տարեցտարի առավել մասշտաբային է դառնում․ այդ առումով նաև մեծ է պատասխանատվությունը։ Մանկավարժականը հավատարիմ է իր որդեգրած քաղաքականությանը․ դասընթացի ավարտից հետո էլ պատրաստ են աջակցել մեթոդական ուղղորդումներով, լսել առաջարկություններ, գործընթացի վերաբերյալ կարծիքներ»։

Նախադպրոցական մանկավարժության և մեթոդիկաների ամբիոնի վարիչի պաշտոնակատար Արմենուհի Մանուկյանը նկատում է՝ մասնակիցներից շատերի համար Մանկավարժական համալսարանը հարազատ կառույց է, որտեղից սկսվել են նրանց կրթական և մասնագիտական ձեռքբերումները։ Վստահեցնում է՝ վերապատրաստումները կտան անհրաժեշտ հիմնարար գիտելիքներ, կձևավորեն հմտություններ, կարողություններ՝ հասարակության հիմնաքարը դնելու պատասախանատու առաքելությունն իրականացնելու համար։

Դասընթացի մասնակիցներին ողջունեց նաև նախադպրոցական մանկավարժության ակունքներում կանգնած Նախադպրոցական մանկավարժության և մեթոդիկաների ամբիոնի պրոֆեսոր Սվետլանա Մարությանը։ Նա գործընթացը կարևոր և անհրաժեշտ համարեց՝ վստահեցնելով՝ կրթության ժամանակակից բարեփոխումները հնարավոր կլինի հաղթահարել նաև վերապատրաստումների միջոցով։