ՀՊՄՀ-ն նոր միջազգային կրթական կարևոր ծրագրի գործընկեր է դարձել։ Ծրագիրը համաֆինանսավորում են Չեխիայի Հանրապետությունը, Հունգարիայի, Լեհաստանի և Սլովակիայի կառավարությունները՝ Վիշեգրադ դրամաշնորհների միջոցով, Վիշեգրադի միջազգային հիմնադրամի կողմից։ Հիմնադրամի առաքելությունն է խթանել կայուն տարածաշրջանային համագործակցության գաղափարները Կենտրոնական Եվրոպայում։
Ծրագրի նպատակն է տեղեկատվության ընկալման և վերլուծության ինտեգրված մեթոդների միջոցով զարգացնել ընթերցանության հմտությունները, տարածել և փորձարկել արդեն իսկ մշակված ընթերցանության կարողությունների զարգացմանն ուղղված միջամտությունների ծրագիրը (IP)։
Ծրագիրը հիմնված է վերջին տարիների գիտահետազոտական արդյունքների վրա, որոնցում բացահայտվել են ընթերցանության կարողությունների զարգացման հիմնական կանխատեսիչները։ Այս նորարարական նյութերը մշակվել են եվրոպական մի քանի լեզուներով՝ ներառյալ մայրենի (սլովակերեն, հունգարերեն) և օտար լեզուները (անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իսպաներեն)։
Մանկավարժական համալսարանը հնարավորություն կունենա ոչ միայն նորարարական նյութերն օգտագործել իր ուսումնական գործընթացում, այլև կնպաստի դրանց վերափոխմանն ու հարմարեցմանը՝ հիմնվելով Հայաստանում եղած կրթական մարտահրավերների վրա։ Վերջին վիճակագրական տվյալներով՝ Հայաստանում ընթերցող աշակերտների զգալի հատված չի կարողանում հասկանալ տարիքին համապատասխան տեքստերը։ Այս համատեքստում, ծրագիրն ունի չափազանց կարևոր նշանակություն՝ ուղղված կրթության որակի բարելավմանը։
Ծրագրի համակարգողը Սլովակիայի Կոնստանտին փիլիսոփայի անվան Նիտրայի համալսարանն է․ գործընկերն են՝ Պրահայի տնտեսագիտության և բիզնեսի, Լեհաստանի Բիելսկո-Բյալայի, Հունգարիայի Էստերհազ Կարոլի կաթոլիկ և Ալբանիայի Ալեքսանդր Մոյսիուի համալսարանները։
Հայաստանում և Ալբանիայում ծրագիրը կիրականացվի համապատասխան աշխատարանների, դասընթացների և փորձնական ուսուցման միջոցով՝ նպատակ ունենալով բարելավել ինչպես օտար և մայրենի լեզվի ուսուցիչների մեթոդական կարողությունները, այնպես էլ սովորողների ընթերցանության հմտությունները։ Բացի դրանից, ծրագիրը կնպաստի կեղծ տեղեկատվության ճանաչմանը, քննադատական վերլուծության և տվյալների արժանահավատության գնահատման կարողությունների զարգացմանը: