ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«ՀՊՄՀ-ն պետք է մաս դառնա ներառականության մեծ գործընթացին»
29.11.2017
«ՀՊՄՀ-ն պետք է մաս դառնա ներառականության մեծ գործընթացին»

Մանկավարժական համալսարանում այսօր կայացավ «Ներառական կրթության ոլորտում աշխատող մասնագետների պատրաստման և գործող մասնագետների վերապատրաստման դասընթացների հզորացում» ծրագրի ամփոփիչ աշխատաժողովը:

ՀՊՄՀ-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի իրականացրած համատեղ ծրագիրը մեկնարկել է դեռևս նախորդ տարի. նպատակը՝ Սյունիքի մարզում ներառական կրթության ոլորտում աշխատող մասնագետների վերապատրաստումն ու որակավորման բարձրացումն էր:

Ծրագրի խնդիրներից էր նաև մարզում ներառական կրթություն իրականացնող դպրոցներում առկա խնդիրների վերհանումը, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին ցուցաբերվող բազմամասնագիտական աջակցության որակը վերապատրաստումների և մասնագիտական գրականության տրամադրման միջոցով բարելավումը, ինչպես նաև տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների մասնագետներին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու համար խորհրդատվության մատուցումը:

Մանկավարժականի պրոռեկտոր Մհեր Մելիք-Բախշյանը, ողջունելով ոլորտի մասնագետներին, հույս հայտնեց, որ աշխատաժողովը հնարավորություն կտա քննարկելու արված քայլերն ու հաջող արդյունքների դեպքում՝ փորձը տարածել նաև հանրապետության այլ մարզերում:

«Ծրագիրը շատ կարևոր էր և մեծ էր ցանկությունը, որ Մանկավարժական համալսարանը մաս դառնա ՀՀ-ում սկսված համընդհանուր ներառականության մեծ գործընթացին: Մեկնարկը 2014 թվականին էր, երբ հանրակրթության մասին օրենքում կատարվեցին անհրաժեշտ փոփոխություններ.դրան հաջորդեց գործողությունների ծրագիրը, որի արդյունքում հատուկ դպրոցները պետք է վերակազմավորվեին, ստեղծվեին մանկավարժահոգեբանական կենտրոններ, իսկ երկրի բոլոր դպրոցները անցնեին համընդհանուր ներառականության»,-նշեց ՅՈՒՆԵՍԵՖ-ի կրթական ծրագրերի ղեկավար Ալվարդ Պողոսյանը:

Վերջինս նկատեց՝ ոլորտին անհրաժեշտ են նեղ մասնագետներ. ծրագիրն այդ բացը լրացնելու ևս մի քայլ է և պետք է հպարտությամբ արձանագրել՝ իրականացվել է մեծածավալ աշխատանք:

ՅՈՒՆԵՍԵՖ-ի կրթական ծրագրերի ղեկավարը կարևորեց մանկավարժական բուհի Հատուկ կրթության ֆակուլտետի աշխատակազմի ներգրավվածությունը ծրագրին՝ ոլորտի ներկայացուցիչներին, մասնավորապես՝ միջազգային կազմակերպություններին հորդորելով հետագա գործընթացներում ևս ընդգրկել վերջիններիս.«Ժամանակն է՝ առավել ֆորմալացնել Հանրապետական մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի և ՀՊՄՀ-ի գործընկերությունը. անհրաժեշտ է կնքել փոխհամաձայնության հուշագիր, ինչը հնարավորություն կտա հետագայում ևս ստանալ բուհի բազմամասնագիտական թիմի աջակցությունը»:

«Ներառական կրթության ոլորտում աշխատող մասնագետների պատրաստման և գործող մասնագետների վերապատրաստման դասընթացների հզորացում» ծրագիրն իրականացվել է 3 փուլով:

Մանկավարժականի դոցենտ Թերեզա Ազատյանն անդրադառնալով աշխատանքներին՝ նշեց, որ առաջին փուլում կատարվել է հարցարանների մշակում, համագործակցության և իրազեկվածության մակարդակի որոշում, գնահատման առանձին գործիքների կիրառում, տվյալների վերլուծություն: Առկա խնդիրներից բանախոսն առանձնացրեց մասնագետների հետազոտական գործնական հմտություների և գիտելիքի պակասը:

Խոսելով երկրորդ փուլի աշխատանքների կառուցվածքի մասին՝ բազմամասնագիտական թիմի ներկայացուցիչն առանձնացրեց վերապատրաստման փաթեթների մշակումը, ծրագրի նախապատրաստումը, վերապատրաստվողներին տպագրված ձեռնարկների հանձնումը, 5-օրյա վերապատրաստումները /Սիսիան, Գորիս, Կապան/, վերապատրաստման փաթեթների վերանայումն ու լրամշակումը, դրանց և մեթոդական ուղեցույցների տպագրությունը:

Հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին իրականացված ծրագրի երրորդ փուլն ընդգրկել է վերապատրաստման փաթեթների հանձնում, գործնական մեթոդական աջակցություն և գնահատում:

Մանկավարժական համալսարանի ներկայացուցիչն ամփոփելով իր ելույթը նշեց, որ նպատակահարմար է՝ բուհում ներառական կրթության գիտագործնական լաբորատորիայի հիմնումը, համագործակցությունն ու գիտագործնական քննարկումների կազմակերպումը համապատասախան կենտրոնների, մասնագետների հետ, ինչպես նաև համապատասխան հուշագրերի, համաձայնագրերի ստորագրում՝ կազմակերպությունների միջև:

Ծրագրի համակարգող, Հատուկ կրթության ֆակուլտետի դեկանի տեղակալ Մարիաննա Հարությունյանը aspu.am-ի հետ զրույցում խոսելով ծրագրի վերջնարդյունքների մասին՝ նշեց, որ Սյունիքի մարզում վերապատրաստվել է 75 մասնագետ, պագրվել է 6 նեղ մասնագիտական ուսումնամեթոդական ձեռնարկ, 72-ժամյա վերապատրաստման մշակված փաթեթ՝ 4 վերապատրաստման ուղեցույց, 6 օր լսարանային դասախոսություն և նույնքան օր գործնական աշխատանք:

«Ներառական կրթության ոլորտում աշխատող մասնագետների պատրաստման և գործող մասնագետների վերապատրաստման դասընթացների հզորացում» ծրագրի ամփոփիչ աշխատաժողովին ներկա էր նաև ՀՀ ԿԳ նախարարության հանրակրթական վարչության գլխավոր մասնագետ Անահիտ Մուրադյանը: Վերջինիս դիտարկմամբ՝ գործընթացը բարդ ու աշխատատար է և ցանկացած ծրագիր, աջակցություն այդ ոլորտում շատ կարևոր է:

Կրթության ոլորտի ներկայացուցիչը գործընթացքում կարևորեց բուհի դերակատարումը՝ ընդգծելով, որ այն միակ դարբնոցն է, որտեղ գործում և պատրաստում են հատուկ մանկավարժներ. «Դպրոցը պետք է ապահովի երեխային որակյալ կրթություն և նրա մասնակցությունը կրթական ողջ գործընթացին. այդ առումով չափազանց կարևոր է մասնագիտական աջակցությունը: ՀՀ-ի հանրակրթական դպրոցները պետք է զինված լինեն որակյալ մասնագետներով»:

Անահիտ Մուրադյանը խոսեց նաև ուսուցչի օգնականի ինստիտուտի մասին՝ նկատելով, որ թեպետ այն ներդրվել է, սակայն անելիքները շատ են.«Վերապատրատումները և նման քննարկումները կօգնեն հասկանալ՝ ինչ խնդիրներ կան և որոնք են այդ ուղղությամբ մեր գործնական քայլերը»:

Ծրագրի փուլային աշխատանքների ներկայացմանը հաջորդեց մեթոդական ձեռնարկներինը, ապա ներկաներն ամփոփեցին արդյունքները, հանդես եկան հետագա քայլերի վերաբերայել առաջարկներով, որին հաջորդեց քննարկում: