Հայ Առաքելական եկեղեցին այս տարի Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը նշում է ապրիլի 20-ին. այն եկեղեցու 5 տաղավար տոներից է:
Մենք փառաբանում ենք Փրկչին՝ ավետելով երջանկաբեր ավետիսը «Քրիստոս հարյավ ի մեռելոց», օրհնաբանում մեր տիրոջ Սուրբ Հարությունը, ով չարչարվեց, խաչվեց, իր փրկագործությամբ մարդկության առջև բացեց հավիտենության և երկնքի արքայության ճանապարհը։
Մանկավարժական համալսարանը շնորհավորում է Աստվածորդու Հարության տոնի առթիվ: Մաղթում ենք, որ հուսաբեր ավետիսը լուսավորի ու նոր ավյունով լցնի ձեր սրտերը, նորոգի և ամրապնդի հավատը սեփական ուժերի հանդեպ, վաղվա օրվա նոր հույսեր պարգևի:
Հարության տոնի խորհրդի մեջ մեծ մարդասիրություն կա. Հիսուսն իր չարչարանքներով զոհաբերական սիրո մեծագույն օրինակ է, ով
մարդկությանն ազատեց մեղքի ու մահվան իշխանությունից:
Քրիստոսի հարությունն ապրում է յուրաքանչյուր հավատացյալի սրտում՝ իր խղճի հետ միասին:
Թող Սուրբ Զատկի այս երջանկաբեր ավետիսը նորովի համախմբի մեզ. մենք չենք կարող հաջողությամբ հաղթահարել ներկայի և ապագայի մարտահրավերները, եթե չլինենք միասնական, կարգապահ, և, իհարկե, ավելի հոգատար։
Սուրբ Զատիկը նաև ընտանեկան տոն է. ձեզ և ձեր ընտանիքներին մաղթում ենք քաջառողջություն, խաղաղ ու բարեկեցիկ կյանք, համերաշխություն և ամենայն բարիք:
Թող օրվա խորհուրդը մղի բոլորիս բարի և աստվածահաճո նոր գործերի իրագործման և արարման։
Աստված պահապան բոլորիս:
Քրիստոս հարյավ ի մեռելոց: Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի:
Գեղանկարը՝ ՀՊՄՀ պրոֆեսոր Արա Հակոբյանի
Պատարագ, 2024, թուղթ, կավճամատիտ, ակրիլ, 42*35սմ