ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀՊՄՀ-ում ամփոփիչ ատեստավորման քննություններն անցկացվում են հեռավար
08.06.2020
ՀՊՄՀ-ում ամփոփիչ ատեստավորման քննություններն անցկացվում են հեռավար

Մայիսի 25-ից Մանկավարժական համալսարանում մեկնարկել են բակալավրիատի և մագիստրատուրայի առկա ուսուցման համակարգի ամփոփիչ ատեստավորման քննությունները։

Առկա և հեռակա ուսուցման համակարգի շուրջ 2334 շրջանավարտները քննությունները կհանձնեն հեռավար՝ Google Classroom էլեկտրոնային հարթակում։ Քննություններին մասնակցում են նաև վերահանձնելու դիմումներ ներկայացրած բուհի նախորդ տարիների ուսանողները։

«Համաձայն բուհի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանի հրամանի՝ առկա ուսուցման շրջանավարտներն ամփոփիչ ատեստավորման քննությունը հանձնում են միայն մասնագիտական առարկաներից, որին գումարվում է նաև մասնագիտական կամ մանկավարժական պրակտիկայի գնահատականը, որը ուսանողները հանձնել են ձմեռային քննաշրջանի ընթացքում»,-www.aspu.am-ի հետ հեռավար զրույցում նշեց ՀՊՄՀ-ի ուսումնական գործընթացների հարցերով պրոռեկտոր Մհեր Մելիք-Բախշյանը։

Խոսելով քննությունների անցկացման մասին՝ պրոռեկտորը վստահեցրեց, որ 4 տարի առաջ Google classroom-ի կիրառումը հնարավորություն տվեց արդյունավետ ու հեշտ իրականացնել նաև ամփոփիչ ատեստավորման քննությունները։ «Ստեղծված իրավիճակում սա լավագույն տարբերակն է։ Քննությունների անցկացման համար համապատասխան տեխնիկայով հագեցվել և անհրաժեշտ ծրագրերով ապահովվել է 9 լսարան, սակայն պարտադիր չէ, որ հանձնաժողովի բոլոր՝ 7-8 մասնակիցներն էլ ներկա լինեն լսարանում»,-նշեց պրոռեկտորն ու հավելեց՝ այսօրվա քննությանն, օրինակ, հանձնաժողովի բոլորն անդամներն էլ քննությանը հետևում և գնահատում են հեռավար։

Պրոռեկտորը նշեց նաև, որ ամփոփիչ ատեստավորման քննություններին բուհը պատրաստվել էր փետրվարին․ սահմանված ժամկետում բուհի պաշտոնական կայքում տեղադրվել են հարցաշարերը, ֆակուլտետները կազմել են կոնսուլտացիաների ժամանակացույցը, դրանք տրամադրել ուսանողներին։ Անդրադառնալով քննությունների անցկացման թափանցիկությանն ու օբյեկտիվությանը՝ պրոռեկտորն ընդգծեց, որ համաձայն ամփոփիչ ատեստավորման կարգի՝ քննությունների ընթացքը արձանագրվում և ձայնագրվում է․ «Եթե նախկինում ձայնագրությունն ու արձանագրությունը պահպանվում էր 24 ժամ, ապա հիմա 6 ամիս։ Պետք է նշեմ, որ այս օրերին եղել է նաև 2 բողոքարկում և դրանք վերանայվել են»,-հավելեց պրոռեկտոր Մելիք-Բախշյանը։

Նշենք, որ հեռակա ուսուցման բակալավրիատի և մագիստրատուրայի ամփոփիչ ատեսատվորման քննությունները կմեկնարկեն հունիսի 18-ից։