ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀՊՄՀ-ում ամփոփվեց «Ես եմ ռեժիսորը» խորագրով աշակերտական նախագծերի մրցույթը
24.01.2023
ՀՊՄՀ-ում ամփոփվեց «Ես եմ ռեժիսորը» խորագրով աշակերտական նախագծերի մրցույթը

Մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետի դահլիճն այսօր լեփ-լեցուն էր ստեղծագործ մարդկանցով։

Բուհում ամփոփվեց ՀՀ ԿԳՄՍՆ-ի «ԿԶՆԱԿ» հիմնադրամի Կրթական նորարարությունների բաժնի «Ես եմ ռեժիսորը» խորագրով աշակերտական նախագծերի մրցույթը՝ նախատեսված հանրապետության դպրոցների 6-12-րդ դասարանների աշակերտների համար։

Ձեռնարկին ներկա էր բուհի ղեկավար կազմը, «ԿԶՆԱԿ» հիմնադրամի տնօրենը, աշխատակիցներ, նախագիծը խրախուսող և աջակցող տնօրեններ, ուսուցիչներ, ֆիլմասեր և ֆիլմաստեղծ աշակերտներ։

Ֆիլմ-դասագիրք, Ֆիլմ- լաբորատորիա, Ֆիլմ- համայնք, ֆիլմ-բնապահպան․ 11 անվանակարգ և նախադեպը չունեցող նախագիծ, որի նպատակն էր հնարավորություն տալ ստեղծագործաբար կիրառել տեղեկատվական և թվային պաշարներն ու հնարավորությունները, համեմատել և վերլուծել պատմական, հասարակական և քաղաքական երևույթների, գործընթացների տարբեր մեկնաբանություններ, արտահայտել հիմնավորված դիրքորոշում դրանց վերաբերյալ, ինչպես նաև քննադատաբար վերլուծել տեղեկատվությունը, հասկանալ ֆիլմ- ուղերձների ենթատեքստերը:

«Ես եմ ռեժիսորը» խորագրով նախագծին մասնակցած 52 դպրոցի ներկայացուցիչներ ստեղծել են 80 ֆիլմ․ դպրոցներից մի քանիսը մասնակցել է մինչև 5 անվանակարգում:

ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանն ընդգծում է՝ բուհն իր 100-ամյա պատմության ընթացքում ներկայացրել է մշակութային կրթության ոլորտի լավագույն նմուշները, իսկ ռեժիսուրայի բաժնի մասնագետները մշտապես կարևորել են ինչպես բուհական, այնպես էլ դպրոցական ստեղծագործ համայնքի  հետ կապը։

Ռեկտոր Գևորգյանը վստահ է՝ մրցույթի մասնակիցների ստեղծագործական երևակայության անսահմանությունը նորանոր նախագծերի հիմք է հանդիսանալու․ բուհը, որպես կրթական հարթակ, կարևորում է իր և դպրոցների կապը, բաց է հետաքրքիր գաղափարների և առաջարկների համար։

Բուհի ղեկավարը կարևորեց «ԿԶՆԱԿ» հիմնադրամի հետ ակտիվ գործընկերությունն ու շնորհակալություն հայտնեց դպրոցների տնօրեններին, որոնք կարևորում են գրագետ և ստեղծագործ աշակերտական համայնքի ձևավորումը։

«ԿԶՆԱԿ» հիմնադրամի տնօրեն Արտաշես Թորոսյանը նկատում է՝ նման մրցույթները նոր հնարավորություններ են ընձեռում։ Վստահ է՝ մրցույթի մասնակիցները մեծ ներուժ ունեն, որի մասին իրենք էլ չգիտեն։

Արտաշես Թորոսյանը կարծում է, որ մրցույթի ընթացքում ձեռք բերված հմտություններն ու կատարած աշխատանքը պրոյեկտվելու է ցանկացած մասնագիտության մեջ․ «Ուրախ եմ, որ մեր երեխաները նման նախագծերի շնորհիվ դրսևորվում են, ուժեղանում և ուժեցանում իրենց ընտանիքը, դպրոցն ու հայրենիքը»։

«ԿԶՆԱԿ» հիմնադրամի տնօրենը բարձր գնահատեց մրցույթում ներկայացված աշխատանքներն ու դրանցում նոր չափորոշիչների կիրառումը․«Միասին շատ բան կփոխենք կրթության ոլորտում՝ ուժեղացնելով նաև պետությունը»։

Կրթական նորարարությունների և հետազոտության վարչության պետ Լիլիթ Մկրտչյանն իր խոսքում կարևորեց գործընկերների, նախաձեռնող խմբի, տնօրենների, ուսուցիչների ակտիվ մասնակցությունը մրցույթին։

Ըստ բանախոսի, ստեղծվում է հանրային բարիք, ինչն էլ դառնում է կրթական և ուսումնական գործընթացի մաս։

Արդյունքում՝ կրթվում են 21-րդ դարի հմտություններին համապատասխան աշակերտներ և մարդիկ՝ ստեղծելու և արարելու մեծ հնարավորություններով․ նրանք են օրվա հերոսները, որոնց ֆիլմերի շնորհիվ հանրահռչակվում է նաև մեր երկիրը։

Լիլիթ Մկրտչյանը նկատում է՝ լինելով կրթական նորարարությունների և հետազոտության կառույց, մասնակիցներին չեն զրկել մեկ այլ նորարարությունից․  հավաստագրերը կուղարկվեն էլեկտրոնային եղանակով։

Նախագծի հեղինակ Իզաբելլա Աբրահամյանը aspu.am-ի հետ զրույցում նշեց՝ մտավախություն ունեին, որ նախագիծը դժվարություն կառաջացնի․ չափանիշները բարդ էին, սակայն արձագանքն այլ եղավ։

Երևանի Բենիամին Ժամկոչյանի անվան թիվ 119 ավագ դպրոցի սան Անի Հաջյանն ու դասընկերները «Ես եմ ռեժիսորը» խորագրով աշակերտական նախագծերի մրցույթին ներկայացրել են «Տրամաբանական շարունակություն» ֆիլմը։

«Ֆիլմ-սցենար» անվանակարգում ներկայացված նախագիծը ստեղծել են մի քանի փորձից, ինչն էլ, ըստ Անիի, նպաստել է դրա կայացմանը։

Ֆիլմի հիմքում սերունդների փոխըմբռնումն է․ ներկայացնելով սերուդների տարբերությունը, ընդգծել են՝ անկախ այդ տարբերություններից, խնդիրներն անփոփոխ են և կրկնվում են ժամանակի ընթացքում։

«Ես եմ ռեժիսորը» խորագրով աշակերտական նախագծերի մրցույթի ամփոփմանը ներկաները դիտեցին տարբեր անվանակարգերում ներկայացված ֆիլմերից հատվածներ, ծանոթացան դրանց ստեղծման պատմությանը, լսեցին հեղինակների ինքնավերլուծությունները։