ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀՊՄՀ-ում էին անվանի պրոֆեսորներ Ռիչարդ Հովհաննիսյանն ու Խաչիկ Մուրադյանը
18.10.2021
ՀՊՄՀ-ում էին անվանի պրոֆեսորներ Ռիչարդ Հովհաննիսյանն ու Խաչիկ Մուրադյանը

ՀՊՄՀ-ի Պատմության և հասարակագիտության ֆակուլտետը նախաձեռնել է հանրային դասախոսություններ՝ հայազգի անվանի պրոֆեսորների մասնակցությամբ:

Այսօր «Մտորումներ Հայաստանի Առաջին Հանրապետության մասին» թեմայով դասախոսությամբ հանդես եկավ Կալիֆորնիայի համալսարանի (UCLA) պրոֆեսոր Ռիչարդ Հովհաննիսյանը, իսկ ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի հայկական բաժնի վարիչ, Կոլումբիայի համալսարանի Մերձավոր Արևելքի, Հարավային Ասիայի և Աֆրիկայի հետազոտությունների բաժնի դասախոս, պրոֆեսոր Խաչիկ Մուրադյանը ներկայացրեց «Վերապրելու պայքարը Մեծ եղեռնի համակենտրոնացման ճամբարներում» խորագրով դասախոսությունը:

Պրոֆեսորները Մանկավարժական համալսարանում էին ՀՊՄՀ-ի Համաշխարհային պատմության և նրա դասավնդման մեթոդիկայի ամբիոի վարիչ, պրոֆեսոր Խաչատուր Ստեփանյանի հրավերով:

Դասախոսության շրշանակներում անվանի պրոֆեսորներին ընդունեց ՀՊՄՀ-ի ռեկտորի պաշտոնակատար Աշոտ Խոեցյանը: Վերջինս կարևորեց բուհի 100-ամյակին ընդառաջ կազմակերպվող հանդիպումները այնպիսի երախտավորների հետ, որոնք մեծ ներդրում ունեն հայ իրականության մեջ: 

«Ձեզ նման երախտավորների դասախոսություններին ներկա գտնվելը  մեծ պատիվ է մեր համալսարանի դասախոսների և ուսանողների համար»,-նշեց Աշոտ Խոեցյանն ու  անդրադարձավ հոբելյանին ընդառաջ բուհում իրականացվող բարեփոխումներին և նոր ծրագրերի իրականացմանը` այդ գործում ընդգծելով անվանի ու մեծ ճանաչում ունեցող մարդկանց ուղղորդումներն ու դերակատարությունը:

Պրոֆեսոր Ռիչարդ Հովհաննիսյանն անդրադարձավ այցի շրջանակում իրենց առաքելությանը` հավելելով, որ դժվարությամբ է համաձայնել գալ հայրենիք, հետպատերազմյան ընկճվածությունը տեղի է տվել:

«Ի վերջո պետք է ինչ-որ բան փոխվի մեր կյանքում, պետք է հավատալ և վստահել այս սերնդին, նաև օգնել, որ չլքեն հայրենիքը, մնան Հայաստանում»,-նշեց պրոֆեսոր Հովհաննիսյանը. նա լիահույս է`երիտասարդները հայրենիքում մնալու ոգի ու կամք ունեն:

ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի հայկական բաժնի վարիչ, Կոլումբիայի համալսարանի Մերձավոր Արևելքի, Հարավային Ասիայի և Աֆրիկայի հետազոտությունների բաժնի դասախոս, պրոֆեսոր Խաչիկ Մուրադյանը պատերազից հետո առաջին անգամ է Հայաստան գալիս: Նա լավատես է` ներկայիս սերունդը կիրականացնի իր բաղձանքների տեսլականը:

«Մեր բուհն ունի ընդգծված ուղղություն՝ մանկավարժություն, և մեր պատրաստած կադրերից է կախված, թե ինչպիսին կլինի Հայաստանի ապագան: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ մեր ուսանողը լավ իմանա պատմությունը: Բուհը լավ ներուժ ունի, իսկ համալսարանի Պատմության և հասարակագիտության ֆակուլտետը՝ նաև  լավ ավանդույթներ ու կապեր, որ առաջիկայում համագործակցության տարբեր եզրեր գտնվեն` ի շահ Մանկավարժական համալսարանի»,-նշեց Աշոտ Խոեցյանն ու ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնեց հյուրընկալության համար: