ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀՊՄՀ-ում էին «Միջազգային մտքի կրթական ինստիտուտ»-ի ներկայացուցիչները
13.08.2019
ՀՊՄՀ-ում էին «Միջազգային մտքի կրթական ինստիտուտ»-ի ներկայացուցիչները

Այսօր Մանկավարժական համալսարանում հյուրընկալվել էին Կորեայի «Միջազգային մտքի կրթական ինստիտուտ»-ի ներկայացուցիչները:

Հանդիպմանը ՀՊՄՀ-ի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը ներկայացրեց բուհի գործունեությունը, միջազգային համագործակցության հաջող փորձը և հավելեց, որ կարևորում են ամենատարբեր ուղղություններով նոր համագործակցություն ունենալու անհրաժեշտությունը:

Ռեկտորը կորեացի հյուրերից հետաքրքրվեց «Միջազգային մտքի կրթական ինստիտուտ»-ի գործունեությամբ, բուհերի հետ համագործակցության փորձով, ինչը հնարավորություն կտա առավել կոնկրետ նախանշել համագործացության հնարավորությունները:

Վերջիններս նշեցին, որ համագործակցում են ՌԴ-ի, Ուկրաինայի և այլ երկրների մի շարք բուհերի հետ և հավելեցին, որ ցանկություն ունեն Մանկավարժական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների համար հանդես գալ «MIND-կրթություն» դասախոսություններով:
Հանդիպման ավարտին ռեկտոր Ռուբեն Միրզախանյանն ընդգծեց, որ «Միջազգային մտքի կրթական ինստիտուտ»-ի վերաբերյալ առավել մանրամասն տեղակատվություն ստանալու, ուսումնասիրելու դեպքում հնարավոր կլինի ավելի կոնկրետ և հստակ ձևակերպել բուհի և Ինստիտուտի համագործակցության հնարավորությունները:

Կորեացի պատվիրակները շնորհակալություն հայտնեցին հյուրընկալության համար և հույս հայտնեցին, որ համատեղ աշխատանքի արդյունքում հնարավոր կլինի համագործակցել ուսուցիչներ պատրաստող առաջատար բուհի հետ:

Նշենք, որ Կորեայի «Միջազգային մտքի կրթական ինստիտուտ»-ը համագործակցում է աշխարհի 84 երկրների տարբեր կառույցների հետ, իրականացնում վերապատրաստումներ, հանդես գալիս դասախոսություններով: Ինստիտուտի հիմնական նպատակն այն է, որ երիտասարդ սերունդը կարողանա իր առջև դնի ճիշտ նպատակներ, ձևավորի մոտիվացիա և հասնի նպատակներին: