ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀՊՄՀ-ում են Բազելի արվեստի համալսարանի ներկայացուցիչները
05.02.2024
ՀՊՄՀ-ում են Բազելի արվեստի համալսարանի ներկայացուցիչները

ՀՊՄՀ-ի և «Արտաս» հիմնադրամի համագործակցությունը շարունակվում է․ երկու կառույցների միջև տևական ժամանակ իրականացվում են կրթական մի շարք ծրագրեր։ Այդ շրջանակներում փետրվարի 5-19-ը Մանկավարժականում երկշաբաթյա պրակտիկա կանցնեն Շվեյցարիայի Բազելի արվեստի համալսարանի 4 դասախոս և 9 ուսանող։

Ծրագրի առաջին փուլը կայացել է հունվարի 20-ից փետրվարի 3-ը․ փոխադարձ այցով Բազելի արվեստի համալսարանում էին Գեղարվեստական կրթության ֆակուլտետի դասախոս Տարոն Ալեքսանյանն ու բուհի 9 ուսանող։ Ծրագրի մասնակիցները համագործակցել են դպրոցների հետ, դասավանդել արվեստի դասընթացներում, իսկ համալսարաններում մասնակցել տարբեր դասախոսությունների, վարպետության դասերի։

Ինչպես նկատում է «Արտաս» հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Շողակաթ Մլքե-Գալստյանը, Բազելի արվեստի համալսարանում լինելը հայ ուսանողների համար աշխարհը բացահայտելու հետաքրքիր և կարևոր փորձ է։

Խոսելով արվեստի ուսուցման տարբերությունների մասին՝ նկատում է՝ հայաստանյան դպրոցներում այն հաճախ երկրորդական է, ինչն էլ ազդում է առարկայի կարևորության, դրա դասավանդման և մատուցման որակի վրա։

Շողակաթ Մլքե-Գալստյանը կարևոր ձեռքբերում է համարում նաև այն, որ հայ ուսանողները, մինչև ծրագրին մասնակցելն իրենց ավելի շատ համարում են նկարիչ, քան մանկավարժ, սակայն առաջատար բուհերում պրակտիկան փոխում է պատկերացումը։

«Արտաս» հիմնադրամի հայաստանյան ղեկավարը հավելում է՝ ծրագիրը փոխում է նաև շվեյցարացի ուսանողների պատկերացումները․ ակադեմիական կրթությունը դադարում է ընկալվել բարդ և անհասանելի, այլ դառնում հետաքրքիր ու գրավիչ։ Վստահ է, որ ծրագիրը, նույն հագեցվածությամբ, կշարունակվի Մանկավարաժականում․ ոլորտի առաջատար արվեստաբան-մանկավարժները կբացահայտեն նորն ու կարևորը։

ՀՊՄՀ Գեղարվեստական կրթության ֆակուլտետի դեկան Արա Հակոբյանը ընդգծում է ծրագրի շարունակականության կարևորությունն ու հայ ուսանողների համար՝ Եվրոպայի առաջատար համալսարաններում անցկացվող պրակտիկաները։

Պրոֆեսոր Հակոբյանը նկատում է՝ պատմությունն է վկայում ՝ կրթության, մանկավարժի դերակատարումը հայ ժողովրդի ձևավորման և կայացման գործում մեծ է։ Կարծում է, որ նոր ժամանակները կրթության նոր հայեցակարգեր են պահանջում․ աշակերտները, ուսանողների փոխադարձ այցերի և փորձի փոխանակման շնորհիվ կունենան անհրաժեշտ առաջնթաց։

Արա Հակոբյանը հյուրերին ներկայացրեց ավելի քան կեսդարյա պատմություն ունեցող ֆակուլտետն ու երևելիներին՝ վստահեցնելով, որ արվեստանոցներում և ցուցասրահ-լսարաններում շրջայցը կամբողջացնի կրթական հասատության մասին պատկերացումները։

Առաջիկա օրերին վարպետության դասի շրջանակներում շվեյցարացի ուսանողների համար արվեստի գաղտնիքները կբացահայտի նաև Կերպարվեստի ամբիոնի դասախոս Տիգրան Դավթյանը։

Պատրաստվում են ներկայացնել ձեռքի ավանդական աշխատանքներ․ Շվեյցարիայում ավելի շատ ընդունված են տեխնոլոգիաներով աշխատանքները․«Մեզ մոտ ցանկացած աշխատանք սկսվում է մտքից, ապա նոր անցում է կատարվում տեխնոլոգիաների։ Ի տարբերություն դրա, դրսում առաջնային են տեխնոլոգիաները․ ձեռքի աշխատանքը երկրորդական է»,-aspu.am-ի հետ զրույցում նշեց Տիգրան Դավթյանն ու բացելով փակագերը հավելեց՝ ավանդական գործիքների միջոցով շվեյցարացի ուսանողները փոքրիկ դեկորատիվ զարդեր կպատրաստեն և կկրեն՝ որպես հուշ։

Ի դեպ, առաջիկա օրերին սպասվում է գերհագեցած ծրագիր․ մասնակիցները պրակտիկա կանցնեն դպորցներում, կլինեն մշակութային հաստատություններում, կունենան հանդիպումներ կրթական ոլորտի ներկայացուցիչների հետ։