Աշխատանքային այցով Մանկավարժական համալսարանում են Պորտուգալիայի Ավեյրոյի համալսարանի դասախոսներ Իզաբել Կոստան և Մարիա Մաթոսը։
Օտարազգի գործընկերները հանդիպում ունեցան Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ, Հատուկ մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դոցենտ Արաքսիա Սվաջյանը։
Ի դեպ, երկու կառույցների գործընկերությունը նոր չէ․ համագործակցության շրջանակներում եղել են փոխայցելություններ, քննարկվել են լոգոպեդիայի և սուրդոմանկավարժության ոլորտների նորարարությունները, համատեղ նախագծերի գաղափարներ:
Այսօր կայացած հանդիպմանը, հաշվի առնելով կրթական բարեփոխումները, ուսումնական պլաններում կատարված փոփոխությունները, կողմերը քննարկեցին էրգոթերապիայի և լոգոպեդիայի մասնագիտություններով մագիստրոսական թեզերի համատեղ ղեկավարման հնարավորությունները։ Համընդհանուր ներառականացման համատեքստում անդրադարձ եղավ նախադպրոցական տարիքային երեք խմբերի համար իրականացվող վերականգնողական աշխատանքների կարևորությանը, նախագծերի մշակմանը, աջակցությանը, այդ շրջանակում՝ համագործակցության անհրաժեշտությանը։
Ներկաները ցավով նկատեցին՝ մեզանում կաթվածից հետո կլման ակտի խանգարումներ, լոգոպեդական վաղ միջամտության կարիք ունեցող անձանց վերականգնողական աշխատանքները հաճախ, ըստ պատշաճի, չեն կատարվում․ Հայաստանում միջավայրային հարմարեցումները ևս բարենպաստ չեն։
Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը խոսեց գիտական ամսագրերում փոխադարձ տպագրության հնարավորությունների, Էրազմուս + ծրագրի շրջանակներում ՀՊՄՀ-ի ուսանողների՝ Պորտուգալիայի Ավեյրոյի համալսարանում ուսումնառության վերաբերյալ։
Նշենք, որ պորտուգալացի դասախոսներ Իզաբել Կոստան և Մարիա Մաթոսը Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների համար հանդես կգան դասախոսություններով։ Կներկայացվեն երեխաներին ցուցաբերվող մանկավարժահոգեբանական աջակցությունը ընտանիքակենտրոն միջամտության պայմաններում, ինչպես նաև լսողության խանգարումներ ունեցող երեխաներին աջակցության զարգացման վերաբերյալ հարցեր։