ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀՊՄՀ-ում էր դեսպան Արշակ Փոլադյանը
31.10.2023
ՀՊՄՀ-ում էր դեսպան Արշակ Փոլադյանը

Մանկավարժական համալսարանում բաց դասախոսությամբ հանդես եկավ Թունիսի Հանրապետությունում և Մարոկկոյի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, դիվանագետ, պատմաբան, արևելագետ Արշակ Փոլադյանը։

Համաշխարհային պատմության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի նախաձեռնությամբ գիտական սեմինարների շարքը մեկնարկեց Փոլադյանի՝ «Հայաստանը և արաբական աշխարհը․երեկ և այսօր» թեմայով դասախոսությամբ։

Ի դեպ, Արշակ Փոլադյանն է 2000 թվականին ՀՀ դեսպանություն հիմնել Արաբական Միացյալ Էմիրություններում, եղել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը Քուվեյթում, Բահրեյնի Թագավորությունում, Սիրիայի Արաբական Հանրապետությունում, Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում և Թունիսի Հանրապետությունում։

Բանախոսը նկատում է՝ հայ-արաբական հարաբերությունների ներկան և հեռանկարները պատկերացնելու համար նախ անհրաժեշտ է իմանալ անցյալը. ինչպիսին են եղել հարաբերություններն արաբակական աշխարհի հետ, որն ունի ավելի քան 2000 տարվա պատմություն։

Արշակ Փոլադյանն անդրադարձավ հարաբերությունների պատմական հինգ փուլերին՝ Տիգրան Մեծի ժամանակաշրջանից, և նկատեց, որ բոլոր ժամանակներում հայերն ակտիվ գործունեություն են ծավալել արաբական աշխարհի սոցիալ-քաղաքական, գիտամշակութային, տնտեսական կյանքում։

Արևելագետ-հյուպատոսը դասախոսության ընթացքում խոսեց նաև հայ վեզիրների դարաշրջանի, արաբական երկրներում հայ գերդաստանների ունեցած դերակատարության, պատվավոր հյուպատոսությունների, Արաբական պետությունների լիգայում Հայաստանի դիտորդության մասին։

Արշակ Փոլադյանը հանդիպման ընթացքում անդրադարձավ նաև արաբական երկրներում հայ հյուպատոսությունների գործունեությանը և նշեց, որ արաբական աշխարհն այսօր «ծածկված է» հայկական դեսպանատներով և նրանց ակտիվ գործունեությամբ․ «ՀՀ անկախությունից հետո սկսվեց հայ-արաբական հարաբերությունների պատմության նոր էջ․ սկիզբ դրվեց դիվանագիտական կապի, ինչի արդյունքում այսօր արաբական աշխարհում գործում է 8 դեսպանություն։ Հայաստանի հարաբերություններն արաբական աշխարհի հետ կառուցված են պատմական, ավանդական, բարեկամական հենքի վրա։ Անցած տարիներին դրանք բնականոն զարգացում են ապրել․ մի շարք ոլորտներում ստորագրվել են պայմանագրեր, հուշագրեր՝ զարգացնելու ակտիվ համագործակացություն»,-նշեց Թունիսի Հանրապետությունում և Մարոկկոյի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանն ու հավելեց՝ վերջին տարիներին առաջընթաց կա նաև տնտեսական ոլորտում։

Արշակ Փոլադյանը փաստեց՝ արաբական աշխարհի հետ Հայաստանի հարաբերությունները կառուցված են ընդհանուր շահերի, փոխադարձ հարգանքի վրա․ չկան պատմական և քաղաքական խնդիրներ։

Դեսպանը խոսոտվանեց նաև, որ կան բացթողումներ․ այս տարիներին ամբողջությամբ չեն օգտագործվել հնարավոր ռեսուրները, որոնցից մեկն էլ Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանի անտեսումն է։

Հուսով է, որ ապագայում կլրացվի բացն ու բազմակողմ համագործակցության արդյունքում ՀՀ դեսպանատներ կբացվեն նաև այդ տարածաշրջանում՝ լուծելով անվտանգային մի շարք հարցեր։

Բանախոսն իր դասախոսության ընթացքում անդրադարձավ նաև արաբական աշխարհում սփյուռքի ներկայիս վիճակին, հայկական գաղութների դերակատրությանը, մի շարք համալսարաններում գործող գիտակրթական կենտրոնների գործունեությանը, խոսեց նաև քաղաքական զարգացումների, Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականության և այլ հարցերի մասին։

Համաշխարհային պատմության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Խաչատուր Ստեփանյանը շնորհակալություն հայտնեց բանախոսին հյուրընկալվելու համար և նկատեց, որ տարածաշրջանում ստեղծված ծանր իրավիճակն ու գործընթացները չստվերեցին դասախոսության կարևորությունը։

Պրոֆեսոր Ստեփանյանը տեղեկացրեց նաև, որ Արշակ Փոլադյանը ՀՊՄՀ շրջանավարտ է․ ավարտել է պատմաաշխարհագրական ֆակուլտետի պատմահասարակագիտական բաժինը և այս տարիների ընթացքում բարեկամական կապը բուհի հետ պահպանել է։

Նշենք, որ այցի շրջանակում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, դիվանագետ, պատմաբան, արևելագետ Արշակ Փոլադյանը հանդիպում է ունեցել նաև ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանի հետ։