ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀՊՄՀ-ում էր ՖԻԴԵ-ի նախագահի թեկնածու Արկադի Դվորկովիչը
13.09.2018
ՀՊՄՀ-ում էր ՖԻԴԵ-ի նախագահի թեկնածու Արկադի Դվորկովիչը

Մանկավարժական համալսարանում էր ՖԻԴԵ-ի (Շախմատի համաշխարհային ֆեդերացիա) նախագահի թեկնածու, ՌԴ նախկին փոխվարչապետ, «Սկոլկովո» հիմնադրամի խորհրդի համանախագահ Արկադի Դվորկովիչը:

Բուհի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը ողջունեց հյուրին և ընդգծեց, որ բուհի համար կարևոր նշանակություն ունի «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտը, որտեղ տարբեր մասնագետներ համատեղ իրականացնում են հետազոտություններ:

Ռեկտորը կարևորեց Սմբատ Լպուտյանի գործունեությունը միջազգային կոնֆերանսներ կազմակերպելու գործում, հատկապես, որ բուհի արտասահմանյան մի շարք գործընկերներ հետաքրքրված են շախմատը կրթության մեջ ներդնելու մեր փորձով:

Ռուբեն Միրզախանյանը ևս մեկ անգամ ընդգծեց, որ Հայաստանում շախմատը գերիշխանություն ունի և հույս հայտնեց, որ ոլորտում ձեռքբերումները կլինեն շարունակական:

ՀՊՄՀ-ի շախմատի և սպորտի ամբիոնի վարիչ, Հայաստանի շախմատի ակադեմիայի նախագահ Սմբատ Լպուտյանը մեծ պատիվ համարեց Արկադի Դվորկովիչի այցը Մանկավարժական համալսարան և ներկայացրեց բուհում գործող «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի աշխատակազմին, գործունեությունն ու ուղղությունները:

Նա ներկայացրեց սոցիոլոգների, հոգեբանների, մեթոդիստների, հատուկ մանկավարժների խմբերի գործունեության ուղղությունները և ընդգծեց, որ այդ դժվարին աշխատանքում ոչ բոլոր խնդիրներն են դեռևս լուծված: Սմբատ Լպուտյանը կարևորեց նաև ձեռք բերված փորձն ու հետազոտության արդյունքները շախմատով հետաքրքրվող երկրներին փոխանցելու անհրաժեշտությունը և ընդգծեց մեր երկրում իմաստուն խաղով հետաքրքրվողների մեծ թիվը:

«Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի ղեկավար Վահան Սարգսյանը հետազոտությունների արդյունքներով ներկայացրեց շախմատի դասավանդման ազդեցությունը, դրա արդյունավետությունը և ընդգծեց, որ այդ գործում ամենից կարևորը ուսուցիչների վերապատրաստումն է: Նա խոսեց նաև առարկայի պլանավորման, դասավանդման ընթացքում կրթական նոր տեխնոլոգիաների ներդրման անհրաժեշտության մասին և հավելեց, որ ինստիտուտը մշտապես վերլուծում է արդյուքները:

ՖԻԴԵ-ի նախագահի թեկնածու Արկադի Դվորկովիչն իր հիացմունքը հայտնեց մեր երկրում շախմատի լայն տարածման, զարգացման վերաբերյալ և վստահեցրեց, որ այդ ոլորտում շատ երկրներ կարող են կիրառել հայաստանյան փորձը:

Արկադի Դվորկովիչը հետաքրքրվեց, թե ի՞նչ կարգ պետք է ունենա ուսուցիչը շախմատ դասավանդելու համար և ինչու՞ գնահատել այն այլ առարկաների չափանիշներով. նրա կարծիքով՝ շախմատն առարկա չէ, այլ գործիք, որ կարելի է գնահատել գնահատման այլ համակարգով:

Հանդիպման ընթացքում նա ծանոթացավ նաև ինստիտուտի կողմից իրականացված սոցիոլոգիական հարցումներին, հանրակրթական ոլորտում շախմատի ներդրման փորձին, կատարված աշխատանքներին և առաջիկա անելիքներին: