ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀՊՄՀ-ում էր գնդապետ Արեն Սարգսյանը
16.05.2024
ՀՊՄՀ-ում էր գնդապետ Արեն Սարգսյանը

Մանկավարժական համալսարանում հյուրընկալվել էր ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար, գնդապետ Արեն Սարգսյանը:

ՀՊՄՀ ռեկտորի խորհրդական Հակոբ Թադևոսյանը, ներկայացնելով հյուրին, տեղեկացրեց՝ զինվորական ծառայությունից բացի, զբաղվում է գիտությամբ, դասավանդում է, քաղաքագիտության թեկնածու, դոցենտ է, իսկ փորձագիտական շրջանակի համար հայտնի է որպես փորձառու և գրագետ իրավաբան։

Արեն Սարգսյանը, որ 21 տարի ծառայում է զինվորական համակարգում, զբաղեցրել է տարբեր պաշտոններ և խորապես տիրապետում է ոլորտին, ընդգծեց` զինվորական ծառայության պատշաճ իրականացումը խորքային հոգեբանական, սոցիալական, դեմոգրաֆիական, արժեհամակարգային համալիր խնդիր է։

Իրենց հաճախ են մեղադրում բանակում միջանձնային հարաբերություններով պայմանավորված դեպքերի համար։ Այնինչ, ըստ բանախոսի, հայրենիքին ծառայելը չի սահմանափակվում երկու տարով կամ կյանքի ընթացքում զինվորական պատշաճ ծառայությամբ.չափազանց կարևոր է ընտանիքի մոդելը, միջավայրը, կրթությունը, հիմնական արժեբանությանը հետևելը:

Ուսանողները ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատարից հետաքրքվեցին զորահավաքային զորակոչի, զինվորական ծառայության վիճակահանության, հիվանդություններով պայմանավորված ծառայությունից ազատվելու, տարկետման իրավունքի, զորամասից այլ զորամաս տեղափոխվելու, խաղաղ և պատերազմական իրավիճակներում ծառայության տարբերությունների, զինվորական ծառայության մեջ ընդգրկված կանանց դերի, ռազմաբժշկական ծառայության մասին և այլն:

Արեն Սարգսյանն ուսանողներին ներկայացրեց զինվորական ծառայության գրավչության բարձրացման նպատակով ներդրված «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը, կանանց՝ կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական 6-ամսյա ծառայության մանրամասները, խոսեց իսրայելական բանակի փորձի, բուժսպասարկման առավել արդյունավետ կազմակերպմանը միտված քայլերի, զինկոմիսարիատներում հոգեբանի հաստիքի անհրաժեշտության, բանակից խուսափել ցանկացող անձանց նախադեպերի մասին:

Գնդապետը, որ 44-օրյա պատերազմի ընթացքում և հետո ղեկավարել է զորակոչը, նկատում է՝ ցանկացած իրադարձություն արտացոլվում է այդ գործընթացում, անդրադառնում ծառայելու, զինծառայությանը մասնակցելու պատրաստակամությանը կամ հակառակը:

«Զինված ուժերը կենդանի օրգանիզմ է: Պետք է հասնել նրան, որ բանակում, որպես էլիտար միավոր, գնահատվի լավագույնը, ուժեղն ու դիմացկունը»,-ասում է Արեն Սարգսյանն ու հավելում՝ բանակում չկան ոչ պիտանի հաստիքներ. մարտական հերթապահության ժամանակ մեկ դիտորդը կանխում է հակառակորդի մուտքը ստորաբաժանման պաշտպանության տարածք, ապահովում ստորաբաժանման կենսագործունեությունը, ֆիզիկական գոյությունը։

Ո՞վ է ազգային հերոս հարցադրմանը՝ գնդապետ Սարգսյանը պատասխանեց՝ իրավական կատեգերիա է, որն իր մեջ ներառում է բարոյական, խրատական, դաստիարակչական տարրեր. ամենահեռավոր նշաձողն է, որին պետք է ձգտեն ոլորտում բոլորը, սակայն այն պետք է հասնելի լինի եզակիներին:

Ամփոփելով հանդիպումը, բանախոսը հույս հայտնեց, որ ուսանողների հետ կապն ու համագործակցությունը կշարունակվի:

Ռեկտորի խորհրդական, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Հակոբ Թադևոսյանի կարծիքով, նման հանդիպումները նպաստում են բանակ-հասարակություն կապի ամրապնդմանը, զինվորական ծառայության՝ ժամկետային պարտադիր, պայմանագրային, պահեստազորային հավաքների, զորահավաքի վերաբերյալ երիտասարդների իրազեկվածության բարձրացմանը, մասնագիտական կողմնորոշմանը։

Նա կարևոր ձեռքբերում համարեց ՀՀ ՊՆ համապատասխան ծառայության ղեկավարի առաջարկը՝ նախազորակոչային տարիքի պատանիների հետ իրականացնելու սոցիալ-հոգեբանական, մանկավարժական հետազոտություններ, որի համար ինքն անձամբ կստեղծի հնարավորություններ և պայմաններ․ «Վստահ ենք` նման հետազոտությունների արդյունքները կնպաստեն ոլորտի զարգացմանը»,-aspu.am –ի հետ զրույցում նշեց Հակոբ Թադևոսյանը։