ՀՊՄՀ «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնում տեղի ունեցավ գրական հանդիպում՝ նվիրված հալեպահայ գրող Գևորգ Պետիկյանի ծննդյան 80-ամյակին։ Պրոֆեսոր Սուրեն Դանիելյանը և Բանասիրական ֆակուլտետի ուսանողները ներկայացրին նրա գեղարվեստական ժառանգությունը և արժևորեցին արևմտահայ մտավորականի սերն ու նվիրումը մայրենի լեզվին և հայրենիքին։
«Գևորգ Պետիկյանի գրչի ուժի մեծության մեջ տեսնում ենք հայրենիքի կարոտը»,-նշեց Սուրեն Դանիելյանը և խոսելով գրողի հրատարակած 10 գրքի մասին՝ առանձնացրեց «Մայթերուն անցորդը» և փաստեց՝ «մայթերուն անցորդը» հենց ինքը սփյուռքահայն է։ Վերջինս անդրադարձավ գրողի բազմաժանր ուղղվածությանը, հատկապես՝ թատերական ու հրապարակախոսական արձակին, որոնցում հենց ինքը գրողն է՝ կյանքը ճանաչող և իրադարձությունները վերլուծող անհատականությունը։
Գրողի կյանքին ու գործունեությանն անդրադարձավ պատմաբան, բանասեր, Գևորգ Եազճյանը։ Նա ծնվել է Հալեպում, սովորել Հայկազյան վարժարանում, ուսանել ճանաչված հայագետների մոտ, զբաղվել ուսուցչությամբ, աշխատել «Ազդակ»-ում, թղթակցել հայերեն տարբեր թերթերի ու պարբերականների, իսկ ներկայումս ապրում է Ամերիկայում։ Նա նկատում է՝ հայկական ինքնությունը հենվում է հայկական մշակույթի վրա․ Պետիկյանն այդ մշակույթի կրողն է, ով իր բազմաժանր ստեղծագործություններով «թափանցում է մարդկանց հոգիների, իսկ առաջին հերթին՝ իր հոգու խորերը»․ արձակ՝ պատմվածքներ, թատերագրություն, էսսե, բանաստեղծություն՝ պարզ ու մատչելի, ոչ վերամբարձ ոճով գրված ստեղծագործություններ․ սա է հեղինակի հատկանշական ոճը։ Պետիկյանի հրապարակախության մեջ նաև Արցախի մասին տագնապներն են, մնացյալ ազգային ցավերը, պայքարը հայապահպանության համար։
Պատմաբանը ցավով է նկատում՝ սփյուռքն ամենօրյա պայքարի մեջ է, հատկապես ամերիկյան օվկիանոսի մեջ համահայկական ջանքեր են պետք՝ ուծացման դեմ պայքարելու համար, և առայսօր չունենք մի ռազմավարություն սփյուռքի հետ կապված։
Գևորգ Եազճյանը հույս հայտնեց, որ 80-ամյակը կդառնա նոր խթան իր գրական պայքարի մեջ։
Գևորգ Պետիկյանի գրականության տարբեր շերտերին անդրադարձան «Սփյուռք» կենտրոնի ավագ գրադարանավար Նելլի Թադևոսյանը, Հայ նոր և նորագույն գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի մասնագետ Վեհանուշ Մուրադյանը, մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի Աննա Կոստանյանը։
Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, ամբիոնի գիտաշխատող Քնարիկ Աբրահամյանը հատվածներ ընթերցեց «Գրադարանս» գրքից։ Բակալավրիատի 1-ին կուրսի ուսանողուհի Ժաննա Հովհաննիսյանը կիթառով կատարեց երգեր Տերյանի «Իմ խաղաղ երեկոն է հիմա» և համշենահայ բարբառով «Կուզիմ Նէննի» երգերը։
«Գրողն անընդհատ վերադառնում է դեպի անցյալ՝ իր ստեղծագործությունները կառուցում երկու հակադիր աշխարհների վրա․ առաջինը Հալեպն է, մյուսը՝ այդ մեծ աշխարհը՝ Ամերիկան»,-ընդգծեց Նելլի Թադևոսյանը․ հայրենիքից դուրս հայը օտարական է, սփյուռքահայությունն իր կյանքը մաշում է օտար երկինքների տակ։
Վեհանուշ Մուրադյանը ներկայացրեց «Տարին, որ անցավ» գիրքը, որը 2020 թվականի Արցախի պատերազմի ու քաղաքական փոթորիկների մասին է։ Ելույթ ունեցողը ներկայացնում է տագնապող անհատին ու գրողին․«Մարդ մը, որ ամեն օր հայերենով կարթնանա»․․․
Բանասիրական ֆակուլտետի դեկան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Գալստյանը շնորհավորեց գրողին, խոսեց հեղինակի գրական, փորձագիտական, փիլիսոփայական ուղերձների և գրական ստեղծագործությունների արևմտահայ լեզվաոճական ատաղձի մասին՝ հորդորելով այն դարձնել ավարտական աշխատանքի թեմա։ Գրողի անհատականությանն ու ստեղծագործություններին անդրադարձավ Մարիամ Ստեփանյանը։
Միջոցառման ավարտին Գևորգ Պետիկյանը շնորհակալություն հայտնեց հայրենիքում նման ձեռնարկ կազմակերպելու համար և նշեց․ «Այս հավաքը առիթ կտա, որ այսուհետ հավաքեմ ապրումներու պահերս, որոնց առաջ մարդը կտատանվե վարագույրի նման․ մտքիս նոր խոսք և ներշնչում կառաքե»։ Գրողն իր մտահոգությունը հայտնեց, որ սփյուռքն ամեն օր հոգեվարքի մեջ է, արևմտահայ գրականությունը սկսել է ամայանալ, կծկվել։ Բացի այդ, սփյուռքում օրեցօր նվազում է հայերեն խոսող և հայերն գրող մարդկանց թիվը, և դյուրին բան չէ արևմտահայ գրող լինել։
Հանդիպմանը ներկա էր գրողի կինը՝ Լիզան, հյուրեր սփյուռքից, դասախոսներ, ուսանողներ։