ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀՊՄՀ-ում մեկնարկեց միջազգային գիտաժողով
15.12.2022
ՀՊՄՀ-ում մեկնարկեց միջազգային գիտաժողով

Մանկավարժական համալսարանում մեկնարկեց «Բարձրագույն մանկավարժական կրթության հիմնախնդիրները և զարգացման հեռանկարները» խորագրով միջազգային երկօրյա գիտաժողով:

Բուհի հիմնադրման 100-ամյակին նվիրված գիտաժողովին մասնակցում էին արտերկրից 8 ներկայացուցիչ, ևս 7-ը՝ առցանց ձևաչափով՝ քննարկելու մանկավարժական հիմնախնդիրների վերաբերյալ իրենց տեսակետները, առաջադրելու լուծումներ։

ՀՊՄՀ ռեկտոր, պրոֆեսոր Սրբուհի Գևորգյանը բուհի համար 100-ամյակը համարեց փուլային ամփոփում, որը մի շարք հարցադրումներով է պայմանավորվում. որո՞նք են նոր ուղենիշներն ու առաջնահերթությունները, ի՞նչ նոր մեթոդներ ու մասնավոր մեթոդիկաներ է առաջարկվում, ո՞րն է մանկավարժական կրթության տեսլականը՝ այն հեռանկարային զարգացումները, որոնց հիմնարար թեզիսների վերաբերյալ բուհը պիտի կառուցի իր հետագա աշխատանքները:

Ռեկտորն անդրադարձավ նաև ժամանակակից փոփոխություններին, ամերիկյան, եվրոպական, ռուսական հայեցակարգերի ներկայացուցիչների հետազոտական մոտեցումներին, խոսեց մանկավարժական կրթության առաջնահերթ հիմնախնդիրների ու լուծումների մասին․«Տեխնոլոգիաների զարգացումը հեշտացրել է մեր կյանքը: Ինչքանո՞վ ենք, սակայն, դա ճիշտ օգտագործում, որո՞նք են այն հստակ չափանիշները, որի ներքո պետք է կազմակերպվի երեխայի և տեխնոլոգիայի փոխներգործությունը, որպեսզի դրանք նպաստեն երեխայի հոգեկան, ներդաշնակ զարգացմանը»,-անդրադառնալով տեխնոլոգիաների վերահսկման մեխանիզմներին՝ նշեց ռեկտորը։

Սրբուհի Գևորգյանն ընդգծեց՝ Մանկավարժականն այն բուհն է, որ համալիր ծրագիր և մոտեցումներ պետք է ներկայացնի մանկավարժության մարդաբանական հիմնախնդիրների համար, որոնք կարևոր են նաև գոյաբանական տեսանկյունից:

«Մանկավարժության զարգացման ժամանակակից հիմնախնդիրները» թեման ներկայացրեց ՀՊՄՀ Մանկավարժության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Աիդա Թոփուզյանը:

Նոր աշխարհի տեսլականի ու մանկավարժության համատեքստում՝ պրոֆեսորն անդրադարձավ ՄԱԿ-ի զեկույցին՝ ընդգծելով «մանկավարժության վերաիմաստավորման, նոր առաքելության, գործառույթների ու նպատակների, ուսուցչի նոր դերի ու նոր կոմպետենցիաների» հիմնախնդիրը:

Աիդա Թոփուզյանը խոսեց ժամանակակից աշխարհում վտանգված արժեքների, քաղաքականության և քաղաքակրթության միջև բախումների, հասարակության և մանկավարժության խնդիրների և նոր մանկավարժության առանձնահատկությունների մասին:

Կարևորելով մանկավարժների դերի և առաքելության վերաիմաստավորման հիմնախնդիրը ժամանակակից փոխոխությունների համատեքստում՝ պրոֆեսորը փաստեց՝ Մանկավարժական համալսարանն առանձնահատուկ դեր ունի. մեկ դար կրթել և ուսուցանել է մանկավարժների տարբեր սերունդների, որպես մանակավարժական կադրեր պատրաստող առաջնակարգ բարձրագույն կրթական օջախ եղել է ու կլինի:

«Գիտամասնագիտական շարժունության մոդելի իրականացման շրջանակներում ժամանակակից մանկավարժի նախապատրաստում» թեմայի շուրջ էր Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի Կրթության հոգեբանության և մանկավարժության ինստիտուտի պրոֆեսոր Աննա Լվովայի և Կրթության հոգեբանության և մանկավարժության ինստիտուտի մանկավարժության բաժանմունքի դոցենտ Օլգա Լյուիբչենկոյի զեկույցները։

Մոսկվայի պետական տեխնոլոգիական համալսարանի դոկտոր Տատյանա Վասիլևան էլ ներկայացրեց «Լեզուն մասնագիտական նպատակներով․ ի՞նչ պետք է իմանա ռուսերենի՝ որպես օտար լեզվի դասավանդման ապագա մասնագետը» թեման։

Ռուս գործընկերներն իրենց զեկույցներում անդրադարձան ՌԴ-ում և իրենց համալսարաններում մանկավարժական հիմնախնդիրների լուծմանը վերաբերող մի շարք ձեռնարկների, խոսեցին դասավանդողի որակավորումների բարձրացմաև և ուսանողների մասնագիտական պատրաստվածության իրենց փորձի մասին, ներկայացրին մի շարք առաջարկներ։

Լիագումար նիստին հաջորդեց աշխատանքները մասնաճյուղերում․ զեկուցողներն անդրադարձան կրթության նորարարական տեխնոլոգիաներին, բարձրագույն կրթության հոգեբանամանկավարժական հիմնախնդիրներին, հանրակրթության մարտահրավերներին և զարգացման հեռանկարներին, ինչպես նաև մաթեմատիկայի և դրա դասավանդման մեթոդիկայի հիմնախնդիրներին։

«Բարձրագույն մանկավարժական կրթության հիմնախնդիրները և զարգացման հեռանկարները» խորագրով միջազգային գիտաժողովի աշխատանքները կշարունակվեն վաղը։