Զատկական ավանդական ուտեստներ՝ հավկիթ, ձուկ, չամիչով փլավ, կանաչեղեն կարկանդակներ, բլիթներ, գինի․ Մանկավարժականի 10 ֆակուլտետների ուսանողներն ու ՀՊՄՀ-ի ավագ դպրոց (վարժարանի) սաներն օրվան բնորոշ զարդարված սեղաններով բուհում նշեցին Սուրբ Հարության տոնը` Զատիկը։
Մանկավարժական համալսարանի Ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ հյուրերին ներկայացվեց Հարության տոնի հարուստ ծիսահամալիրը՝ եկեղեցական արարողություններից մինչև համաժողովրդական տոնախմբություն։
Սուրբ Հարության տոնի առթիվ կազմակերպված միջոցառմանը ներկա էին բուհի ղեկավար և դասախոսական կազմը։ Նրանք ուսանողների հետ միասին նշեցին տոնը, շնորհավորեցին միմյանց Աստվածորդու Հարության տոնի առթիվ։
ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանը, ներկաներին շնորհավորեց Զատկի առթիվ և ընդգծեց՝ յուրքանչյուր հայ ընտանիքի համար այն ամենալուսավոր, ամենասպասված, ուրախալի տոներից մեկն է։ Բուհի ղեկավարն անդրադարձավ տոնի խորհրդին և խորհրդանշական համարեց, որ ամբողջ քրիստոնյա աշխարհն այս տարի միասնաբար է նշում Սուրբ Զատիկը։
Նա հույս հայտնեց, որ տոնի առթիվ եղած սպասումները կարդարանան, հայ ընտանիքներում կլինի վերածնունդ, հույսի, կարողությունների, իղձերի իրականացում, բերկրանք և բազմաթիվ ձեռքբերումներ՝ ինչպես մասնագիտական, այնպես էլ անձնային աճի համատեքստում։
Ներկաները լսեցին Սուրբ Հարության տոնի նշանակության, տարբեր ժամանակներում այն տոնելու առանձնահատկությունների, խորհրդանշական ուտեստների մասին մեկնաբանություններ, համտեսեցին ուսանողների ձեռքերով պատրաստած տոնի կերակուրներից․ ի դեպ, այս անգամ ավանդականից բացի, տոնական սեղաններին կարելի էր տեսնել նաև ժամանակակից սննդակարգից բաղադրիչներ, արևմտյան մշակույթից եկած զարդարանքի տարրեր։
Որոշ ֆակուլտետներ ներկաներին զարմացրին նաև իրենց ստեղծած ձեռագործ աշխատանքներով, քրիստոնեական խորհուրդ պարունակող երկտողերով։
Մեկ անգամ ևս ընդգծելով տոնի խորհուրդն ու ազգային ավանդույթների պահպանման կարևորությունը՝ միջոցառումն ուղեկցվեց ծիսական երգ ու պարով, շնորհավորանքներով, խաղերով։