Գիտության և մանկավարժության բնագավառում ունեցած նշանակալի ավանդի համար ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանն այսօր բուհի բարձրագույն՝ «Խաչատուր Աբովյան» մեդալ շնորհեց Պատմության և հասարակագիտության ֆակուլտետի պրոֆեսոր Էդիկ Գևորգյանին։
Ռեկտորը, Գիտական խորհրդի որոշմամբ, համալսարանական կրթության զարգացման, երիտասարդ մասնագետների պատրաստման գործում ունեցած նշանակալի ավանդի համար «Մանկավարժական համալսարան» մեդալով պարգևատրեց պրոֆեսորներ Արամ Քոսյանին, Ավետիս Հարությունյանին, Լևոն Շիրինյանին, Խաչատուր Ստեփանյանին և դոցենտ Լևոն Սիմոնյանին։
Սրբուհի Գևորգյանը պարգևների հանձնմանը նշեց՝ Պատմության և հասարակագիտության ֆակուլտետն ակտիվ ու առանցքային կառույցներից է, որ բուհի հիմնադրման օրից, իր մասնագիտական քննարկումներով, գիտամեթոդական հարուստ գրականությամբ գործել է ի նպաստ կրթության ոլորտի, մշտապես իր տեսակետն ունենալով նաև հասարակական հնչեղություն ունեցող հարցերի մասին։
Մանկավարժական համալսարանի մեկդարյա հոբելյանի առթիվ՝ անբասիր աշխատանքի համար ՀՊՄՀ 100-ամյակի հուշամեդալով պարգևատրվեցին պրոֆեսորներ Աշոտ Փիլիպոսյանը, Սամվել Պողոսյանն ու դոցենտ Հայկ Գրիգորյանը։
Բուհի ղեկավարը նկատում է՝ պարգևատրման արարողությունը սերունդների յուրատեսակ խաչմերուկ է․ ներկաները ոլորտի նվիրյալներ են, որոնց համար անփոփոխ արժեք է ուսուցչի առաքելությունը։
Ռեկտորը կարևորեց դպրոցներում պատմության ուսուցչի դերը՝ հասարակագիտական, քաղաքացիական արժեբանության, հայի ինքնության պահպանման տեսանկյունից․ «Ուսուցման համակարգում առկա են մի շարք խնդիրներ, այնինչ յուրաքանչյուր ազգի ապագան պայմանավորված է կրթական համակարգում ունեցած ներդրմամաբ։ Այդ կարևորագույն ոլորտում անհրաժեշտ է նաև ձեր ֆակուլտետի նոր խոսքն ու մոտեցումը՝ բարձրագույն մանկավարժության նոր տեսլականի և մեթոդաբանության մշակման համար»։
Դեկան Էդգար Հովհաննիսյանը նկատում է՝ իր ղեկավարած ֆակուլտետը մեկդարյա բուհի տարեկիցն է։ Հպարտ է, որ հարյուրամյա պատմության ընթացքում ունեցած հաջողությունների մի մասն էլ պայմանավորված է ֆակուլտետի գործունեությամբ։
Ընդգծում է՝ Պատմության և հասարակագիտության ֆակուլտետն ինքնատիպ ու առանցքային է, որ նաև հայագիտական կենտրոններից մեկն է հանրապետության տարածքում․ այստեղ ոչ միայն ուսումնասիրում են պատմություն, հասարակական-քաղաքական հարաբերություններ, այլև կերտում սեփական պատմությունը․ «Տասնամյակներ շարունակ ֆակուլտետում դասավանդել են ոլորտի կարկառուն ներկայացուցիչներ, որոնք շրջադարձային ու կարևոր դեր են ունեցել ոչ միայն գիտության ու կրթության, այլև երկրի հասարակական-քաղաքական կյանքում։ Ֆակուլտետն այսօր էլ հսկայական ներուժ ունի, որ պատրաստ է հաջորդ հարյուրամյակներում իր կարևոր ներդրումը բերել բուհի բարգավաճման, զարգացման գործին»,- նշեց Էդգար Հովհաննիսյանն ու հավելեց՝ միջազգային հարաբերություններում, հայագիտության ոլորտում վերջին տարիների ձեռքբերումներն ու գիտական բազմաթիվ ձեռարկներն, առանց չափազանցության, աննախադեպ են։
Ֆակուլտետի դեկանը կարծում է, որ կառույցի զարգացման տրամաբանությունը պայմանավորված է երեք սերնդի՝ երկարամյա մանկավարժների, հասակակից գործընկերների, ուսանողների համերաշխ փոխգործունեությամբ։
Էդգար Հովհաննիսյանը վստահեցրեց՝ շարունակելու են գործել հանուն երկրի, պետության և ժողովրդի․ ազգային արժեքները, գիտակցությունն ու տեսլականը պահելու և նոր սերնդին փոխանցելու հաստատուն որոշմամբ:
Մասնագիտական գործունեությունը բարեխիղճ և արդյունավետ կատարելու համար ֆակուլտետի մի խումբ դասախոսներ արժանացան պատվոգրերի և շնորհակալագրերի։