ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀՊՄՀ-ում ռուս պատվիրակներ են
15.04.2025
ՀՊՄՀ-ում ռուս պատվիրակներ են

Երկօրյա այցով Մանկավարժական համալսարանում է ՌԴ Հյուսիսկովկասյան դաշնային համալսարանի պատվիրակությունը՝ ռեկտոր Դմիտրի Բեսպալովի գլխավորությամբ։

Կրթական երկու կառույցների միջև կնքված համագործակցության շրջանակներում արդեն իսկ իրականացվել են մի շարք ծրագրեր, միջոցառումներ, մասնավորապես՝ համատեղ ամառային և ձմեռային դպրոցների անցկացում, վերապատրաստումներ, սեմինարներ։

Այցի շրջանակներում ՌԴ Հյուսիսկովկասյան դաշնային համալսարանի ղեկավար կազմին հյուրընկալեց ռեկտոր Սրբուհի Գևորգյանն ու մեկ անգամ ևս կարևորեց կողմերի փոխարդյունավետ համագործակցությունը՝ ի շահ դասախոսական կազմի և ուսանողների։

Նա հույս հայտնեց, որ ժամանակակից հոգեբանամանկավարժական պրակտիկայի խնդիրներն ու այդ ոլորտում առկա մարտահրավերները ևս ընդգրկված կլինեն կողմերին հետաքրքրող հարցերի և դրանց լուծմանը միտված փոխգործակցության շրջանակներում․«Կրթական գործընթացը լավագույն ներդրումն է իրացնելու յուրաքանչյուր անհատի պոտենցիալ, ինչին էլ միտված են մեր երկու հաստատություններն իրենց գործունեությամբ»,-նշեց նա։

Ռեկտոր Դմիտրի Բեսպալովը բուհերի համագործակցությունը երկուստեք արդյունավետ և փոխշահավետ է համարում․ այն, ըստ նրա, լավագույն օրինակն է հայաստանյան բուհերի հետ գործընկերության շրջանակներում։ Կրթական հաստատություններն ունեն մի շարք ընդհանրություններ, արդեն իսկ իրականացրել են հաջողված 4-5 նախագիծ, այդ թվում՝ ուսուցիչների որակավորման բարձրացման դասընթացներ։ Մանկավարժականում են նոր նախագծերի առաջարկներով․ դրանց իրականացման համար կարևորում են գործընկերների փոխադարձ այցելությունները ևս։

Դմիտրի Բեսպալովն այդ համատեքստում կարևորեց ուսանողական տուրիզմ նախագծի իրականացումը, ինչը հնարավորություն կտա հայ և ռուս ուսանողներին ունենալ կրթական և ճանաչողական փոխադարձ այցեր։

Հայ և ռուս գործընկերներն անդրադարձան նաև կրթական համակարգի ներկայիս մարտահրավերներին, դասավանդման ոլորտում ժամանակակից մեթոդների փոփոխություններին, սոցիալ-հոգեբանական առումով «նոր մարդու» ձևավորմանը, բարձրագույն կրթության ոլորտում արհեստական բանականության կիրառմանը, թվային կրթական միջավայրում դասավանդման նոր գործիքներին և այլն։

Հանդիպմանը ներկա էին նաև երկու բուհերի միջազգային համագործակցության գծով պրոռեկտորները՝ Մարիաննա Հարությունյանն ու Ալբերտ Կումուկովը, ինչպես նաև ՀՊՄՀ Միջազգային համագործակցության և ծրագրերի կառավարման կենտրոնի ղեկավարի տեղակալ Աննա Հախումյանը։

Պաշտոնական մասին հաջորդեց «Ժամանակակից կրթական տեխնոլոգիաները և թվային գործիքները ավագ դպրոցի ուսուցչի գործունեության մեջ» կլոր սեղանը․բուհերի ղեկավարներն ընդգծեցին դասավանդման մեթոդիակայի ոլորտում ներկայացված թեմայի կարևորությունը։

Երկու բուհերի դասավանդողներն իրենց ելույթներում անդրադարձան մանկավարժական բուհերի ուսանողների թվային կոմպետենցիաների զարգացմանը, Հայաստանի վիրտուալ կրթական միջավայրում ցանցային տեխնոլոգիաների կիրառմանը, թվային կրթական միջավայրում դասավանդման նոր գործիքներին, ինչպես նաև ուսուցման համատեքստում մոտիվացիայի դերին, բարձրագույն դպրոցի դասախոսի գիտահետազոտական գործունեությունում նեյրոցանցային տեխնոլոգիաների կիրառմանը և այլն։

Նշենք, որ այցի շրջանակներում ՌԴ Հյուսիսկովկասյան դաշնային համալսարանի ներկայացուցիչները նախորդ օրը ՀՊՄՀ-ի դասախոսների և ուսանողների համար անցկացրին «Ժամանակակից կրթական տեխնոլոգիաները ուսուցչի մասնագիտական գործունեության մեջ» թեմայով վարպետության դաս։