ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀՊՄՀ դասախոս Արուսյակ Կոստանյանը՝ առաջին կարգի մրցանակակիր
26.12.2022
ՀՊՄՀ դասախոս Արուսյակ Կոստանյանը՝ առաջին կարգի մրցանակակիր

ՀՊՄՀ Գեղարվեստական կրթություն ֆակուլտետի երաժշտության մանկավարժության ամբիոնի դասախոս Արուսյակ Կոստանյանը մասնակցել է գիտական, ուսումնամեթոդական ստեղծագործական, մանկավարժական նախագծեր՝ «Երաժշտական կրթություն-XXI» II միջազգային մրցույթին։

Արուսյակ Կոստանյանի՝ «Հայ կոմպոզիտորների երգերի դաշնամուրային փոխադրումներ՝ մեթոդական ցուցումներ» խորագրով աշխատությունը, հեղինակավոր ժյուրիի կողմից, «Գործիքավորում, տրանսկրիպցիա և փոխադրում» անվանակարգում արժանացել է առաջին կարգի մրցանակի։

Մրցույթին մասնակցել է կրթական տարբեր հաստատություների շուրջ 54 մասնագետ, որոնք ներկայացրել են գիտական, ուսումնամեթոդական և երաժշտա-ստեղծագործական աշխատանքներ, այդ թվում՝ նախագծեր՝ ավանդական և ժամանակակից, մուլտիմեդիոն տեխնոլոգիաներ ներառող։

Ներկայացվել են «Երաժշտություն», «Համաշխարհային գեղարվեստական մշակույթ» «Երաժշտության տեսություն», «Երաժշտության պատմություն», «Երաժշտական ինֆորմատիկա», «Երաժշտական մանկավարժություն», «Սոլֆեջիո», «Գործիքային ներկայացում», «Երգչախմբային երգեցողություն», «Վոկալ», «Ժողովրդական արվեստ», երաժշտական կրթության և դաստիարակության հետ կապված այլ թեմաներ։

aspu.am-ի հետ զրույցում Արուսյակ Կոստանյանն ընդգծեց՝ հաղթանակը միայն իրենը չէ. «Հայ կոմպոզիտորների երգերի դաշնամուրային փոխադրումներ՝ մեթոդական ցուցումներ» աշխատության ստեղծմանը, որը ներառում է հայ կոմպոզիտորների և երգահանների ճանաչված, առավել սիրելի երգերի դաշնամուրային փոխադրումները և ներկայացված են որպես մանրանվագներ, իրենց խորհուրդներով և ուղղորդումներով օգնել են գործընկերները:

ՀՊՄՀ դասախոսը մրցույթը կարևորեց նաև Սանկտ Պետերբուրգի Գերցենի անվան պետական մանկավարժական համալսարանի հետ համագործակցության շրջանակներում փոխադարձ համերգների և դասախոսությունների անցկացման առումով։