ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀՊՄՀ դոցենտ Արման Չիլինգարյանի «Լույսի կաթիլներ» ֆիլմն արժանացել է «Լավագույն ռեժիսոր» մրցանակի  
01.12.2022
ՀՊՄՀ դոցենտ Արման Չիլինգարյանի «Լույսի կաթիլներ» ֆիլմն արժանացել է «Լավագույն ռեժիսոր» մրցանակի   

 

ՀՊՄՀ Օպերատորության, գեղարվեստական լուսանկարչության և սոցիալ-մշակութային գործունեության ամբիոնի դոցենտ, կինոռեժիսոր Արման Չիլինգարյանը «Լույսի կաթիլներ» լիամետրաժ խաղարկային ֆիլմը Հնդկաստանի Mysuru միջազգային կինոփառատոնում (Mysuru International Film Festival) արժանացել է «Լավագույն ռեժիսոր» մրցանակի։

Ֆիլմը հանդիսատեսին տեղափոխում է 1990-ականների սկիզբ, երբ Հայաստանը ծանր ժամանակներ էր ապրում՝ մխրճվելով էներգետիկ ճգնաժամի, պատերազմի սարսափների և փլուզման խավարի մեջ։

Սակայն ֆիլմի հերոսները, ինչպես այդ դարաշրջանը վերապրած սերունդը, փորձում էին լույսի շողեր գտնել անհույս թվացող իրականության մեջ՝ միմյանց օժտելով սիրո, հավատի, հույսի շողերով։

«Լույսի կաթիլներ» ֆիլմի նկարահանումը տևել է  6 տարի:  ֆիլմում իր վերջին դերն է խաղացել սիրված դերասան Վիգեն Ստեփանյանը:

«Ֆիլմը պատրաստ էր, և ես որոշեցի ցուցադրել այն ավագ գործընկերներին, որոնք ցանկանում էին տեսնել իմ հերթական աշխատանքը։ Մենք փակ պրեմիերա էինք կազմակերպել Երևանի կինոյի տանը, որին ներկա էին Հարություն Խաչատրյանը, Միքայել Դովլաթյանն ու ազգային կինոյի այլ գործիչներ։ Ի զարմանս ինձ, նրանք հավանեցին «Լույսի կաթիլներ»-ը. յուրաքանչյուրն իր  գնահատականը տվեց և իր կարծիքն արտահայտեց ֆիլմի վերաբերյալ։ Բոլորը համակարծիք էին՝ ֆիլմը պետք է լինի և առաջ գնա»,- նշեց կինոռեժիսոր Արմանը Չիլինգարյանը։

«Լույսի կաթիլներ» լիամետրաժ խաղարկային ֆիլմի համասցենարիստներն են Արման Չիլինգարյանն ու Գարիկ Մաշկարյանը, օպերատորը Արտո Խաչատուրյանն է, նկարիչը՝ Ներսես Սեդրակյանը, կոմպոզիտորը՝ Լևոն Թևանյանը, իսկ հնչյունային ռեժիսորը՝ Տիգրան Կուզիկյանը։

Ի դեպ, կինոռեժիսոր Արման Չիլինգարյանի ֆիլմը 2021 թվականին հաղթել էր Ճապոնիայի կինոյի և հեռուստատեսության բնագավառի պրոֆեսիոնալների «Tokyo Film Awards» կինոմրցույթի՝ «Լավագույն դրամա» անվանակարգում: