Հայ և համաշխարհային մեծության ստեղծագործողների հայտնի ու սիրված գործերն այսօր հնչեցին ՀՊՄՀ-ի Երաժշտության մանկավարժության ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպված հաշվետու համերգին։
Ուսումնական տարեվերջին ընդառաջ և արդեն ավանդույթ դարձած երաժշտական միջոցառման նպատակն է հանդիսատեսին ներկայացնել ամբիոնի ընթացիկ տարվա գործունեությունը։ Բացի այդ, տարբեր կուրսերի լավագույն կատարողներին և խմբերին երաժիշտ-մանկավարժների հետ համատեղ կատարումներով հանդես գալու հնարավորություն ընձեռել։
Համերգային ծրագիրը բացեց IV կուրսի ավարտական երգչախումբը․ելույթներով հանդես եկան նաև «Ավե Մարիա» իգական երգչախումբը, քանոնահարների անսամբլը, ինչպես նաև անհատ կատարողներ։
Համերգի ընթացքում հնչեցին Գրեգ Գիլպինի, Ալեքսանդր Ալյաբևի, Էդվարդ Էլգերի, Սերգեյ Ռախմանինովի, Ֆրանց Շուբերտի, Էդվարդ Միրզոյանի, Ռոմանոս Մելիքյանի, Շերամի, Յուրի Գևորգյանի, Արա Գևորգյանի, Աննա Հարությունյանի և այլոց ստեղծագործությունները։ Վոկալ համարներից բացի, ծրագրում ներառված էին դաշնամուրային կատարումներ, շվի, ջութակ, սաքսոֆոն, դհոլ։
Համերգն ընթացավ բուռն ծափողջույններով և արժանացավ հանդիսատեսի բարձր գնահատականին․ՀՊՀՄՀ-ի երաժշտության բաժնի ուսանողները խոստացան՝ կշարունակեն ծառայությունը երաժշտարվեստին։ Որպես ապագա երաժիշտ-մանկավարժներ կաշխատեն դպրոցներում, իսկ որպես երաժիշտ-կատարողներ՝ պրոֆեսիոնալ բեմահարթակներում։
Երաժշտության մանկավարժության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Աննա Հարությունյանը համերգը ստացված է համարում․ պրոֆեսորադասախոսական կազմի համախմբված և նվիրված աշխատանքի արդյունքն է։ Համերգը կարևորեց ներկայացնելու, թե ինչ գործիքների են տիրապետում երաժշտության ապագա մանկավարժներն ու ներկայացնելու նրանց կատարողական վարպետությունը։
Կես դար Մանկավարժականում մասնագիտական գործունեություն ծավալած Երաժշտության մանկավարժության ամբիոնի դոցենտ Լիլի Խաչատրյանը նկատում է՝ համերգն ապացուցեց մասնագիտական կրթության անհրաժեշտությունն ու այն, որ երաժշտությունը կարևոր է բոլորի համար, հաճելի ամենօրյա կյանքում և առանց դրա չկա կյանք։
Նա ստացված համերգը դասախոսների և ուսանողների քրտնաջան աշխատանքի արդյունք է համարում։ Հպարտությամբ է նշում՝ Մանկավարժականում ուսանողները սիրում են սովորել, փայլում են գիտական աշխատանքում և կատարողական արվեստում։