Օրերս Երևանի և մի շարք մարզերի դպրոցների ֆիզիկայի 14 ուսուցիչ այցելեց Միջուկային հետազոտությունների եվրոպական կենտրոն (CERN) և մեծ հադրոնային կոլայդեր (LHC):
Ուսուցիչների կազմում էր նաև ՀՊՄՀ հենակետային վարժարանի ֆիզիկայի ուսուցչուհի Աննա Ռուբենյանը։ Վերջինս ուրախ է նման եզակի հնարավորության համար, ինչի շնորհիվ ծանոթացան ֆիզիկայի բնագավառի վերջին նորություններին ու միջազգային փորձին, դպրոցական ծրագրի շրջանակներում փորձեր կատարելու մեթոդներին։
«Այն ֆիզիկայի ոլորտի առաջատար կենտրոնն է, որտեղ շարժման մեջ են դնում ծանր իոններ և պրոտոններ, կատարում ֆիզիկայի ոլորտի լրջագույն փորձեր, ստեղծում հականյութեր։ Մեզանում, ցավոք, բնագիտական առարկաները լավ վիճակում չեն։ Նման այցերը հնարավորություն են տալիս ծանոթանալ միջազգային վերջին ձեռքբերումներին ու նորություններին, գիտության ժամանակակից նպատակներին»,-aspu.am-ի հետ զրույցում նշեց ուսուցչուհի Աննա Ռուբենյանն ու վստահեցրեց՝ դպրոցում փորձերի կատարման առավել ճկուն մեթոդներ է իր հետ բերել գիտական կենտրոնից․ սա աշակերտ-գիտական կենտրոն ուղիղ կապի լավագույն դրսևորումներից է։
Ուսուցիչների առաջին այցը ֆիզիկայի ոլորտի աշխարհի ամենամեծ գիտական կենտրոն կազմակերպվել էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Միջուկային հետազոտությունների եվրոպական կենտրոնի, ինչպես նաև Տեսական ֆիզիկայի և մոդելավորման ինստիտուտի համատեղ ջանքերի արդյունքում:
Հնգօրյա այցի ընթացքում ուսուցիչները լսել են առաջատար մասնագետների դասախոսություններ, այցելել CERN-ի կառավարման կենտրոն, Նեյտրինո-պլատֆորմ, տվյալների կենտրոն, հականյութի արտադրամաս, Մեծ հադրոնային կոլայդերի ATLAS, ALICE և CMS դետեկտորներ, ինչպես նաև ուսումնասիրել են տարրական մասնիկների գրանցման պատմությունն ու սարքավորումների աշխատանքի սկզբունքները:
Ուսուցիչներին ներկայացվել են նաև դպրոցներում հասանելի միջոցներով տարրական մասնիկների դետեկտորներ սարքելու հմտություններ: Նրանք ծանոթացել են տարրական մասնիկների ֆիզիկայի ժամանակակից զարգացումներին ու խնդիրներին, ինչպես նաև տեսական ու էքսպերիմենտալ զարգացումներին, ներկայացվել են աշխարհահռչակ այս դետեկտորների՝ Հայաստանում արտադրված բաղադրիչները:
Նշենք, որ գիտական կենտրոնը միջազգային կազմակերպություն է և միավորում է 34 պետությունների ջանքերը՝ տարրական մասնիկների ֆիզիկայի ոլորտում համատեղ հետազոտությունների ու աշխարհի խոշորագույն գիտափորձերի իրականացման համար: CERN-ում աշխատում են 16 000 գիտնականներ՝ աշխարհի 70 երկրներից: