ՀՊՄՀ-ում Հոգաբարձուների խորհրդի տարեվերջյան նիստը մեկնարկեց «Բնագիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն և մաթեմատիկա» ոլորտի գերազանցության կենտրոնի հանդիսավոր բացմամբ:
ԿԳՄՍ նախարար, Խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանը կարևորեց, որ Խորհրդի կազմը քննարկումներից և խորհրդակցություններից բացի, տեղում ծանոթանա բուհում կատարվող աշխատանքներին։
Նախարարը նկատեց՝ Կենտրոնը կնպաստի բնագիտական, ճարտարագիտական, տեխնոլոգիական ուղղություններով ուսուցիչների ներգրավման քաղաքականության իրականացմանը, կրթության որակի բարելավմանը։ Նախարարը հավելեց, որ այս եզակի կենտրոնը կդառնա ռեսուրս կենտրոն ոչ միայն ուսանողների կրթության, այլև ուսուցիչների վերապատրաստման համար, ինչը նկատելի փոփոխություններ կբերի բնագիտական առարկաների դասավանդման գործում։
Խորհրդի նիստը շարունակվեց ՀՊՄՀ 2024 թվականի տարեկան հաշվետվության վերաբերյալ տեսաֆիլմի դիտումով։ Ապա ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանը Խորհրդին ներկայացրեց ֆինանսական հաշվետվությունը, ըստ որի վերջին 4 տարվա համեմատությամբ, ընթացիկ տարում գրանցվել է դրամական մուտքերի աճ: Ռեկտորը վստահեցրեց՝ կարևոր են համարում միջոցների արդյունավետ պլանավորումն ու ծախսը՝ ի շահ բուհի և որակյալ կրթության: Սրբուհի Գևորգյանը ուսանողների թվաքանակի դինամիկան նախորդ տարիների համեմատ` դրական գնահատեց։
Խորհուրդն էլ բավարար գնահատեց ընթացիկ տարվա տարեկան հաշվետվությունը, 2024 թվականի ֆինանսական հաշվետվությունը և հաստատեց ՀՊՄՀ-ի 2025 թվականի բյուջեն։
ՀՊՄՀ 2025 թվականի կառուցվածքային փոփոխություններն ու հաստիքացուցակը Խորհրդի անդամներին ներկայացրեց բուհի Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը։
Պրոռեկտորը կառուցվածքային փոփոխությունները պայմանավորեց բուհի առաքելությամբ, որդեգրած ռազմավարությամբ և ապագա ուսուցիչների պատրաստման ժամանակի հրամայականով, ընդգծեց՝ դրա համար հիմք են հանդիսացել նաև ուսումնասիրություններն ու կատարված հետազոտությունները:
Մարիաննա Հարությունյանը անհրաժեշտություն համարեց բուհում` ԲՏՃՄ կենտրոնի և ուսուցիչների եւ վերապատրաստման բաժնի հիմնումը, ինչպես նաև որոշ ստորաբաժանումներում հաստիքների փոփոխություն, ինչը հաստատվեց Խորհրդի նիստում:
Քննարկվեց նաև ՀՊՄՀ-ի անվանափոխության հարցն ու այն Խ. Աբովյանի անվան կրթության և հասարակական գիտությունների հայկական պետական համալսարան վերանվանելու տարբերակը:
Ռեկտոր Սրբուհի Գևորգյանը տեղեկացրեց, որ ներկայացված տարբերակը քննարկվել է բուհի տարբեր ենթակառույցներում և հաստատվել Գիտական խորհրդի նիստում։
Խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանի դիտարկմամբ՝ մանկավարժություն բառն ու բուհի անվանումը չեն արտացոլում կառույցի գործունեության առանցքում ընկած հնարավորությունների ողջ սպեկտորը, ինչպես նաև այն նոր մասնագիտությունների ներդրման հնարավորությունները, որոնց կարիքն այսօր կա:
Ժաննա Անդրեսյանը կարծում է, որ 100-ամյա բուհն անվանափոխելով չպետք է շեղվել դրա առաքելությունից, միևնույն ժամանակ անհրաժեշտ համարեց հաշվի առնել կառուցվածքային հետագա փոփոխությունները:
Խորհուրդն ի գիտություն ընդունեց բուհն անվանափոխելու հարցն ու որոշեց՝ մեկամսյա ժամկետում աշխատանքային խմբի քննարկման արդյունքում հանդես գալ գործընթացի վերաբերյալ փաթեթային առաջարկով:
Ամփոփելով տարեվերջյան նիստը, ԿԳՄՍ նախարար, Խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանը գալիք տարում մաղթեց հաջողություններ և հույս հայտնեց, որ Խորհուրդն իր գործունեությամբ էլ ավելի կնպաստի բուհի զարգացմանը:
«Ընթացիկ տարին հագեցած էր բուհի համար»,-նշեց նախարարն ու հավելեց՝ ուսումնական տարվա կեսում են.անելիքները շարունակվում են: