ՀՊՄՀ-ի Աղավնաձորի ուսումնական բազայում կայացավ «Լավագույն ուսանող» ամենամյա մրցանակաբաշխությունը։ Ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ անցկացվող մրցույթում այս տարվա հաղթող ճանաչվեց Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի մագիստրոս Նոնա Խաչատրյանը:
Ուսանողական խորհրդի նախագահ Պարույր Գալստյանը նշեց՝ բուհի 10 ֆակուլտետներում նախապես ընտրվել էին լավագույն ուսանողները: Նրա կարծիքով, մրցույթի այս ձևաչափը տարեցտարի առավել մասսայական է դառնում՝ ընդլայնելով մասնակիցների թիվը: Ուսանողական կառույցի նախագահը տեղեկացրեց՝ ՀՊՄՀ-ի 2024 թվականի «Լավագույն ուսանող» ամենամյա մրցույթի հաղթողները, որպես խրախուսանք, իրենց հանգիստը կանցկացնեն արտերկրում:
Լավագույն աբովյանականներին շնորհավորեց և հավաստագրեր հանձնեց ՀՊՄՀ Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը: Նա բարձր գնահատեց ուսանողների նվաճումները, մաղթեց մեծ հաջողություններ և ձեռքբերումներ:
Լավագույն ուսանողները վստահ են՝ գիտելիքը առաջընթացի հիմնաքարն է։ Այն ուժ է, որով կարող են հաղթահարել կյանքի դժվարությունները, հասնել մեծ նպատակների և կերտել կայուն ապագա։