ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀՊՄՀ ներկայացուցիչները մասնակցեցին KPI4HE ծրագրի աշխատաժողովին
31.10.2024
ՀՊՄՀ ներկայացուցիչները մասնակցեցին KPI4HE ծրագրի աշխատաժողովին

Կայացավ «Հայաստանում ներառական, թվային և կանաչ ուղղվածությամբ բարձրագույն կրթության պատշաճ կառավարման և որակի համար գործունեության առանցքային ցուցանիշների ազգային շրջանակի ստեղծում» (KPI4HE) Էրազմուս + ծրագրի աշխատաժողովը։

Եռամյա ծրագրի համակարգողը Երևանի պետական համալսարանն է․ գործընկերները՝ ԿԳՄՍՆ-ն, ՈԱԱԿ-ը, հայաստանյան 5 բուհ, այդ թվում՝ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը, «Կրթական քաղաքականության և կառավարման հայկական կենտրոն» ՀԿ-ն: Եվրոպական գործընկերներն են Օլդենբուրգի, Դրեզդենի տեխնիկական և Ջենովայի համալսարանները:

Աշխատաժողովին մասնակցում էին ՀՊՄՀ Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը, ՀՊՄՀ ռեկտորի խորհրդական Հակոբ Թադևոսյանը, ՀՊՄՀ-ի Կրթական գործընթացների կառավարման և բարեփոխումների վարչության պետ Սամվել Ասատրյանը, Էկոլոգիայի և կայուն զարգացման ամբիոնի վարիչի պաշտոնակատար Սիրինե Շողերյանը, Մաթեմատիկայի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Լուսինե Ղուլղազարյանը և ՀՊՄՀ մարքեթոլոգ Ալլա Հարությունյանը:

Մասնակիցներին ողջունեց ԵՊՀ ակադեմիական/ուսումնական հարցերի գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանն, իսկ ԵՊՀ ՄՀՎ դրամաշնորհների համակարգման բաժնի վարիչ, «KPI4HE» նախագծի համահամակարգող Արսեն Ապրոյանը ներկայացրեց «KPI4HE» նախագծի շրջանակներում կատարված և պլանավորված հիմնական աշխատանքներին մասին։

Աշխատաժողովում անդրադարձ եղավ «Հայաստանում բարձրագույն կրթության գործունեության առանցքային ցուցանիշների ազգային շրջանակի (ԳԱՑԱՇ)» հիմնահարցին՝ «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծի համատեքստում, բուհի ռազմավարական պլանավորման գործընթացում ինստիտուցիոնալ հետազոտությունների դերին և այլն։

«Հայաստանում բարձրագույն կրթության Գործունեության առանցքային ցուցանիշների ազգային շրջանակի (ԳԱՑԱՇ)» կառուցվածքային նախագծի ստեղծման նպատակով իրականացվեցին  աշխատանքներ՝ «Կրթություն», «Գիտություն», «Համալսարանի առաքելություն» աշխատախմբերում։ Հանդիպման ավարտին յուրաքանչյուր խումբ ներկայացրեց իր մշակած պլանը՝ առաջարկությունների և հարցերի միջոցով ամփոփելով այն։

Հիշեցնենք, որ KPI4HE ծրագրի նպատակն է բարելավել բարձրագույն կրթության համակարգի կառավարումը, համալսարանների ռազմավարական պլանավորումը։ Դրանք կնպաստեն որակյալ ու ներառական, թվային և կանաչ ուղղվածությամբ բարձրագույն կրթության զարգացմանը Հայաստանում՝ բարձրագույն կրթության գործունեության առանցքային ցուցանիշների ազգային շրջանակի (ԳԱՑԱՇ) մշակման և ներդրման, ինստիտուցիոնալ հետազոտությունների կառուցակարգերի զարգացման և պլանավորման ծառայությունների գործարկման, ինչպես նաև հաստատությունների հավատարմագրման պետական չափանիշների վերանայման միջոցներով (համաձայն ԳԱՑԱՇ-ի):