Դեկտեմբերի 9-11-ը Վրաստանի Թելավի քաղաքում մեկնարկեց Էրազմուս+-ի «Արժեքներին միտված կրթության խթանումը Հարավային Կովկասի բուհերում» PROVE նախագիծը։ Եռամյա ծրագրի համակարգողը Վրաստանի Թելավիի պետական համալսարանն է։
Պաշտոնական բացմանը ներկա էին Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի /առցանց/ և եվրոպական գործընկեր բուհերի ներկայացուցիչներ։ ՀՊՄՀ-ից մասնակցում էին Միջազգային համագործակցության և ծրագրերի կառավարման կենտրոնի ղեկավարի պաշտոնակատար Անահիտ Փանոսյանը, Կիրառական հոգեբանության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Մարիաննա Ավետիսյանն ու Աշխարհագրության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դոցենտ Մարինե Մաթոսյանը։
Նախագծի նպատակն է զարգացնել բարձրագույն ուսումնական հաստատությունները հարավկովկասյան 3 երկրներում՝ Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում՝ ներդնելով «Խաղաղության դասընթացներ՝ հիմնված արժեքների և գիտելիքի վրա» (VaKE), աջակցելու տարածաշրջանում խաղաղությանը նպաստող նախաձեռնություններին: Ինչպես նկատում են ծրագրի ղեկավարները՝ դրան կհաջողվի հասնել ստեղծելով նոր դասընթացներ կամ փոփոխելով գոյություն ունեցողներն ու ազդեցություն թողնելով դպրոցների և համայնքների վրա:
Պաշտոնական մեկնարկին հաջորդեց աշխատատաժողով․PROVE նախագծի գործընկեր կառույցներն առկա և հեռավար ձևաչափով ներկայացրին իրենց աշխատանքային փաթեթները, եղավ հարց ու պատասխան։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև աշխատանքային խմբի ստեղծման, բաշխման և նախագծի իրականացման պլանավորման, մասնավորապես՝ առաջին տարվա գործողություններն ու վերջնաժամկետները, ինչպես նաև կառավարման ներքին հարցեր, համակարգման ընթացակարգերի և կոնսորցիումի համաձայնագրի վերաբերյալ մանրամասներ։
Նշենք, որ առաջիկայում հայաստանյան, վրաստանյան և ադրբեջանական համալսարաններն առանձին կիրականացնեն մանկավարժական կրթության կարիքի գնահատում։