ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀՊՄՀ պատմության թանգարանում կիրականացվի «Թանգարանի հարմարեցումը չլսող և թույլ լսող այցելուների համար» ծրագիրը
04.07.2023
ՀՊՄՀ պատմության թանգարանում կիրականացվի «Թանգարանի հարմարեցումը չլսող և թույլ լսող այցելուների համար» ծրագիրը

2021-2023թթ. իրականացվեց «INKuLtur – հանուն մշակութային կյանքում ներառման և մասնակցության» ծրագիրը։ Այն կրում էր «Եկեք միասին պայքարենք մշակութային և սոցիալական բազմազանության համար» խորագիրը:

Ծրագրի շրջանակներում Հայաստանի մշակութային հաստատությունների 15 ներկայացուցիչների համար անցկացվեցին սեմինարներ և գործնական պարապմունքներ․նպատակն էր վերազինել թանգարանները, գրադարաններն ու թատրոնները՝ դրանք դարձնելով ավելի հասանելի հաշմանդամություն ունեցող անձանց համար:

Ծրագրի իրականացման գործում կարևոր էր նաև Մանկավարժական համալսարանի դերն ու ներուժը․որպես հիմնական խոսնակ, ներգրավված էր ՀՊՄՀ աշխատակազմի և միջազգային հարցերի գծով պրոռեկտոր, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Մարիաննա Հարությունյանը:

Վերջինիս և «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոնի նախագահ Գայանե Գրիգորյանի ներկայացրած խնդիրների շրջանակը ընդգրկում էին այնպիսի կարևոր թեմաներ, ինչպիսիք են՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիան և դրա կիրառումը Հայաստանում, մշակութային համատեքստում ներառման հեռանկարները, հաշմանդամություն ունեցող անձանց հետ պատշաճ հաղորդակցությունը, ներառական միջոցառումներ անցկացնելու նպատակով հյուրընկալ միջավայր ստեղծելու և ցածր բյուջետային համակարգերով աշխատելու ռազմավարությունների մշակում:

Երկամյա ծրագրի ընթացքում իրականացվելու են բնագավառի հայտնի միջազգային մասնագետների հետ առցանց հանդիպումներ, շրջայց Գերմանիայի մշակութային հաստատություններում և այլ միջոցառումներ, որոնք նպաստելու են իրազեկման բարձրացմանը, խթանելու նաև հանրապետական և միջազգային գործընկերային ցանցերի ստեղծմանը, գործունեության ակտիվացմանը և կապերի ամրապնդմանը:

Հիմնական հմտություններին տիրապետելու արդյունքում՝ դոնորներին ներկայացնելու նպատակով ծրագրի շրջանակներում մասնակիցները ներկայացրին մի շարք առաջարկներ։

Մանկավարժական համալսարանի պատմության թանգարանի տնօրեն Ալվարդ Գրիգորյանի նախագիծ-առաջարկի թեման էր «Թանգարանի հարմարեցումը չլսող և թույլ լսող այցելուների համար», որն իրականացվելու է ՀՊՄՀ պատմության թանգարանում՝ Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի դասախոսների և ուսանողների հետ համատեղ:

Ավարտին ծրագրի մասնակիցներն ընդգծեցին մասնագիտական մոտեցման բարձր մակարդակն ու արդյունավետությունը՝ արձանագրելով, որ սա միայն սկիզբն է հասարակության համար նման կարևոր և պետական նշանակություն ունեցող խնդրի լուծման ճանապարհին:

Ծրագիրն իրականացվեց D4U e.v.–ի կողմից, ինչպես նաև «Կարիտաս-Արեգակ» հիմնադրամի և Գերմանիայի Դաշնային Հանրապետության Արտաքին գործերի նախարարության ֆինանսավորմամբ և համագործակցությամբ։