ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀՊՄՀ պատվիրակները մասնակցեցին միջազգային կոնֆերանսի
04.12.2023
ՀՊՄՀ պատվիրակները մասնակցեցին միջազգային կոնֆերանսի

Նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 2-ը ՀՊՄՀ Ուսումնագիտական գծով պրոռեկտոր Մարիամ Իսպիրյանն ու Ռուսաց լեզվի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դոցենտ Լիլիա Բալասանյանը Մոսկվայում մասնակցեցին միջազգային գիտագործնական կոնֆերանսի։

Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարանի (RUDN) նախաձեռնությամբ անցկացվող ձեռնարկին մասնակցում էին գիտնականներ և երիտասարդ հետազոտողներ ՌԴ-ից, Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզըստանից, Տաջիկստանից, Գերմանիայից, Իտալիայից և այլն։

«Երկ-, բազմա-, տրանլեզվություն և լեզվաբանական կրթություն» խորագրով 9-րդ միջազգային գիտագործնական կոնֆերանսն այս տարի նվիրված էր ռուս համակարգագետ, RUDN համալսարանի պրոֆեսոր Գենադի Մելնիկովի և երկլեզու գրող Չինգիզ Այթմատովի 95-ամյակին։

ՀՊՄՀ պրոռեկտոր, Ռուսաց լեզվի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դոցենտ Մարիամ Իսպիրյանը ներկայացրեց Լիլիա Բալասանյանի հետ համահեղինակած «Հայ-ռուսական երկլեզվության զարգացման պատմությանը ՀՀ-ում» թեմայով զեկույցը։

Նա իր ելույթում ընդգծեց՝ լեզվական շփումները 21-րդ դարում գիտնականների կողմից ընկալվում է որպես բազմակողմ երևույթ։ Ըստ բանախոսի, թեմայի ուսումնասիրությունը հնարավոր չէ առանց հաշվի առնելու «լեզվի իրավիճակ», «լեզվի վիճակ», «լեզվական շփում», «լեզվական երևույթ» փոխկապակցված հասկացությունների իմաստները։

Մարիամ Իսպիրյանը նկատեց՝ մեր երկրներում լեզվական կրթության ոլորտում նորարարությունները լուրջ հետաքրքրություն են առաջացնում գիտական աշխարհում․ դրանք ներդրվում են դասավանդման պրակտիկայում և, համապատասխանաբար, կրթության տեսության մեջ․ «Կարծում ենք, որ հետխորհրդային երկրների համար գլխավոր և որոշիչ գործոնը անկախության ճանաչումից հետո լեզվական քաղաքականության փոփոխությունն էր, ինչն էլ իր հերթին առաջ բերեց այլ գործոններ ևս։ Այսօր ակնհայտ է, որ լեզուներն այլ լեզուների ազդեցությամբ որոշակիորեն փոխվում են, սակայն չեն ձուլվում»,- նշեց Մարիամ Իսպիրյանն ու հույս հայտնեց, որ համաժողովում հնչած առաջարկները կնպաստեն լեզվական կրթության պրակտիկային, զարգացմանը։

Մարիամ Իսպիրյանը բարձր գնահատեց Ռուսաստանի Ժողովուրդների բարեկամության համալսարանի (RUDN) ունեցած ավանդը մանկավարժության և դասավանդման մեթոդիակների ոլորտում։

Այցի շրջանակներում ՀՊՄՀ պատվիրակները հանդիպումներ ունեցան Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարանում (RUDN), քննարկվեցին գիտական ոլորտում հնարավոր համագործակցության, պարբերականներում համատեղ տպագրության հարցեր և այլն։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց փոխայցելությունների վերաբերյալ։