ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀՊՄՀ պրոֆեսոր Աշոտ Գալստյանը՝ «Մայրենի 5» դասագրքի մասին
02.02.2024
ՀՊՄՀ պրոֆեսոր Աշոտ Գալստյանը՝  «Մայրենի 5» դասագրքի  մասին

Վերջին շրջանում մամուլում լուրեր են շրջանառվում, որ Աշոտ Գալստյանի և Թամարա Թովմասյանի հեղինակած դասագրքում տեղ է գտել ադրբեջանցի Արզու Սոլթանի «Մեր բակի պատմությունը» ստեղծագործությունը, իսկ դասագրքի շապիկը պատված է Ադրբեջանի դրոշի գույներով։

Մեր հարցերին պատասխանում է «Մայրենի 5» դասագրքի համահեղինակ, ՀՊՄՀ Բանասիրական ֆակուլտետի դեկան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Գալստյանը:

-Պարո՛ն Գալստյան, Դուք հանրակրթական դպրոցի «Մայրենի 5» դասագրքի համահեղինակներից եք։ Ինչպիսի՞ն է Ձեր դասագիրքը և ի՞նչ աշխատանքներ եք իրականացրել։
-«Մայրենի 5»-ը կազմված է նոր չափորոշիչների հենքով, այսինքն՝ միտված է աշակերտի կարողունակությունների զարգացմանը։ Սա ինտեգրված դասագիրք է. գրական նյութի հիման վրա պիտի ներկայացվի լեզվական նյութը։ Ընտրված դասերը փորձարկվել են ուսուցիչների և աշակերտների շրջանում։ Ամբողջությամբ նորություն է դասագրքի QR ծածկագրի առկայությունը, որը լրացուցիչ նյութեր է պարունակում և գրավում է աշակերտին։ Դասագիրքը 176 էջ է, մնացյալ նյութերը մենք զետեղել ենք QR-ի տակ, որտեղ տեղ են գտել և՛ լեզվական վարժություններ, և՛ առաջադրանքներ, և՛ գրական նյութեր, խաչբառ-վիկտորինաներ։ Դասագրքի հեղինակները հաճախ են հեռակապով հանդիպում ուսուցիչների հետ, լսում նրանց, պատասխանում հարցերին։ Ավելին. եղել ենք Արագածոտնի և Գեղարքունիքի մարզերում, տեղում հանդիպել պատասխանատուներին և աշակերտներին։ Այս հարցում մեզ օգնում է «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը։ Այդ հանդիպումները շատ արդյունավետ են։ Մենք եղել ենք նաև մայրաքաղաքի դպրոցներում, հանդիպել աշակերտների հետ, դասեր վարել։ Ուսուցիչների առաջարկով մենք ստեղծել ենք ուսուցանող և թեմատիկ գրավորների տետրեր։ Այժմ կազմում ենք 5-րդ դասարանի աշակերտի նվազագույն բառապաշարի բառարան։

-Վերջին շրջանում հաճախ է թիրախավորվում «Մայրենի 5»-ը։ Սոցիալական ցանցերում տարաբնույթ կարծիքներ են շրջանառվում։
-Մենք՝ հեղինակներս, գիտենք այդ մասին։ Դե, սկզբում դրոշի խնդիրը բարձրաձայնվեց, որ մեր դասագրքի հետ ոչ մի աղերս չուներ։ Հետո Հ. Թումանյանի ծննդյան վայրի հետ կապված հարցեր էին բարձրացվել, որը դարձյալ իրականությանը չի համապատասխանում։ Վերջին օրերին էլ մեղադրվում ենք մի ստեղծագործության ընտրության մեջ. պատճառաբանվում է, որ այդ պատմվածքի հեղինակը ադրբեջանցի է։ Որտեղ է ապացուցված, որ դա ադրբեջանցի հեղինակի նյութ է. մի գրքում նման մի տեքստ ներկայացված է ըստ ադրբեջանական գրողի: Քանի նման դեպք ունենք, որ ադրբեջանցիները շատ հանգիստ յուրացնում են հայկական երգն ու երաժշտությունը, պատմական հուշաձանները, գրողներին ու գրական ժառանգույթյունը: Հերթական չապացուցված մանիպուլյացիան է ուղղված տարիների փորձառություն ունեցող գիտամանկավարժական խմբին: Մեզ համար կարևոր է տեքստի հայեցի լինելը, տեքստի բովանդակությունն ու աշակերտի վերլուծելու կարողությունը: Հաճախ դեռահասին այնպիսի նյութեր են անհրաժեշտ, որոնք պիտի լեզվական նյութի իրացումը լինեն։ Եվ այդ առումով այս նյութը լիովին համընկնում է լեզվականին։ Չենք կարծում, որ ադրբեջանցու հեղինակած նյութում լինեին Անի, Հարություն, Գրիգոր, Տիգրան հայկական անձնանուններ։ Տարբեր էլեկտրոնային հարթակներում բազմաթիվ ստեղծագործություններ կան, որոնք արժե, որ քննության նյութ դառնան. սա նաև ժամանակի և չափորոշչի պահանջ է: Այս դասագիրքը ոչ թե գրականության, այլ մայրենիի դասագիրք է, որի հիմնական նպատակներից է նաև կարծիք և դիրքորոշում արտահայտելու կարողության, ինչպես նաև լեզվական մշակույթի զարգացումը:

-Իսկ աշակերտները գո՞հ են դասագրքից: Չէ՞ որ դասագիրքը նրանց համար է:
-Մենք փորձարկումներ ենք իրականացնում 5-րդ դասարանում: Աշակերտները դասագիրքը շատ են հավանում: Թե՛ բառային և թե՛ տեքստային աշխատանքները սիրով են կատարում: Շատ հետաքրքրական հարցադրումներ են ուղղում դասագրքի հեղինակներին: Հետաքրքիր է աշխատել նրանց հետ: Ուսուցիչների կարծիքով աշակերտները չեն հոգնում դասագրքով աշխատելիս: Ընտրված նյութերը նպաստում են լեզվաքերականական վարժությունները հեշտ ըմբռնելուն: