ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀՊՄՀ պրոռեկտորը մասնակցեց ENQA փորձագետների միջանկյալ հանդիպմանը
07.05.2025
ՀՊՄՀ պրոռեկտորը մասնակցեց ENQA փորձագետների միջանկյալ հանդիպմանը

ՀՊՄՀ-ի Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը մասնակցեց ՈԱԱԿ-ում տեղի ունեցած Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասցիացիայի (ENQA) փորձագետների միջանկյալ այցի շրջանակում կայացած հանդիպմանը։

Բազմակողմ քննարկում ապահովելու համար՝ ՈԱԱԿ-ը հրավիրել էր բարձագույն կրթության շահակիցներին՝ ոլորտի լայն ընդգրկմամբ։ Մասնակցում էին ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ներկայացուցիչներ, հավատարմագրման հանձնաժողովի անդամներ, ինչպես նաև մի շարք բուհերի պրոռեկտորներ, որակի ապահովման պատասխանատուներ։

Փորձի փոխանակման նպատակով կազմակերպված հանդիպմանը քննարկվող թեմատիկ ուղղություններն առաջարկել էր ՈԱԱԿ-ը՝ հաշվի առնելով ՀՀ կրթական բարեփոխումների ընթացիկ օրակարգն ու որակի ապահովման համակարգի ռազմավարական առաջնահերթությունները։

Հանդիպմանը քննարկվեցին նախահավատարմագրման համակարգի կիրառման միջազգային փորձը՝ հատկապես այն երկրներում, որտեղ նոր կրթական ծրագրերը որակապես գնահատվում են մինչև դրանց գործարկումը, նախահավատարմագրման և լիցենզավորման փոխկապակցվածությունը, կիրառվող չափանիշները և դրան հաջորդող մշտադիտարկման մեխանիզմները, հավատարմագրման միջանկյալ փուլում կրթական ծրագրերի ներքին աուդիտի գործնական կիրառումը՝ որպես բարելավման պլանների իրականացման գնահատման գործիք։ Առանձնակի ուշադրություն դարձվեց ESG-ի պահանջներին՝ ծրագրերի պարբերական վերանայման և տվյալահենք կառավարման վերաբերյալ։

Բացի այդ, քննարկվեցին նաև բժշկական և հարակից մասնագիտությունների հավատարմագրման միջազգային չափանիշները և որոշումների կայացման առանձնահատկությունները՝ հաշվի առնելով ոլորտի բարձր ռիսկայնությունն ու պատասխանատվությունը։

Ինչպես նշեց ՈԱԱԿ-ի տնօրեն Ռուբեն Թոփչյանը՝ թեմաներն ընտրվել էին հիմք ընդունելով Հայաստանի կրթական քաղաքականության զարգացման առաջնահերթությունները․ «Նախահավատարմագրումը, ներքին աուդիտը և ոլորտային հավատարմագրումն այն գործիքներն են, որոնք կարող են բարձրացնել վստահությունը նոր կրթական ծրագրերի, բարելավման արդյունքների և որակավորումների արժանահավատ շնորհման նկատմամբ»։

Հանդիպմանը ներկա ENQA-ի փորձագետները, Լիտվայի Կրթական փոխանակումների աջակցության հիմնադրամի բաժնի ղեկավար Ալմանտաս Շերպատաուսկասը և Նիդերլանդների և Ֆլանդրիայի հավատարմագրման կազմակերպության NVAO-ի ավագ մասնագետ Միշել Վերան ներկայացրին իրենց երկրների փորձը՝ օրենսդրական կարգավորումները, որակի ապահովման գործիքներն ու կիրառվող չափանիշները։