ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀՊՄՀ պրոռեկտորը մասնակցեց Էրազմուս+ նախագծերի առցանց հանդիպմանը
01.02.2024
ՀՊՄՀ պրոռեկտորը մասնակցեց Էրազմուս+ նախագծերի առցանց հանդիպմանը

Էրազմուս+ նախագծերի միջև փորձի փոխանակման շրջանակներում կայացավ առցանց հանդիպում, որին մասնակցում էր նաև ՀՊՄՀ Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը։

Հանդիպման նպատակն էր ներկայացնել փորձառու բուհական ներկայացուցիչների փորձը, կարևոր խորհուրդներ և հմտություններ, որոնք անհրաժեշտ են Էրազմուս+ նախագծերի մշակման և իրականացման գործընթացում։

Հանդիպումը միտված էր նաև աջակցել և նախագծերի մշակման լավագույն փորձը փոխանցել այն բուհերին, որոնք պլանավորում են դիմել Էրազմուս+ «Կարողությունների զարգացում բարձրագույն կրթության ոլորտում» գործողությանը, որի վերջնաժամկետը փետրվարի 8-ն է։

Պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը «Հաղորդակցություն» թեմայի շրջանակում կիսվեց Էրազմուս+ նախագծերում գործընկերների միջև միջմշակութային և գործնական հաղորդակցության հաստատման և պահպանման իր փորձով։

Էրազմուս+ նախագծերի ընտրության չափանիշները, ինչպես նաև յուրաքանչյուր տարածաշրջանի համար 2023 թվականի Էրազմուս+ Առաջարկների մրցույթի ընտրության արդյունքներն ու միտումներն առցանց հանդիպմանը ներկայացրեց Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան։

Որակի ապահովման մեխանիզմներին, Էրազմուս+ նախագծերի աշխատանքային գործընթացների վերահսկման և բարելավման մոտեցումների վերաբերյալ խոսեց Գավառի պետական համալսարանի Արտաքին կապերի և լրատվության բաժնի վարիչ Լիլիթ Թոռչյանը, իսկ «Տեսանելիության բարձրացման մոտեցումներ» թեմայի շրջանակում կրթական հաստատությունների բրենդավորման և նախագծերի առաջխաղացման կարևորությունը ներկայացրեց Հայաստանի եվրոպական համալսարանի Միջազգային համագործակցության բաժնի ղեկավար Գոհար Ավետիսյանը։

Առցանց հանդիպումն ամփոփեց Էրազմուս+ Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետ, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Միջազգային կապերի բաժնի պետ Գարեգին Համբարձումյանը։ Բանախոսը «Բյուջեի կազմման մոտեցումները (Lump sum) «Կարողությունների զարգացում բարձրագույն կրթության ոլորտում» Գործողության շրջանակում» ներկայացրեց տվյալ ծրագրի բյուջեի հաշվարկման և հայտերի ներկայացման մանրամասները։

Մասնակիցներն առցանց հանդիպումը կարևորեցին Էրազմուս+ ծրագրի Գործողություններին դիմելու, մասնավորապես՝ նախագծի առաջխաղացման և տարածման, ֆինանսի պլանավորման, ինչպես նաև որակի ապահովման մեխանիզմների մշակման և կիրառման վերաբերյալ տեղեկատվություն ստանալու տեսանկյունից։

Ի դեպ, Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի Ֆեյսբուքյան էջում հասանելի են ներկայացված սահիկահանդեսները և առցանց հանդիպման  ձայնագրությունը։