ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀՊՄՀ պրոռեկտորը մասնակցեց հայագիտական կենտրոնների համաժողովին
25.11.2024
ՀՊՄՀ պրոռեկտորը մասնակցեց հայագիտական կենտրոնների համաժողովին

Նոյեմբերի 21-22-ը Մադրիդի Կոմպլյուտենս համալսարանում անցկացվեց օտարերկրյա համալսարաններում գործող հայագիտական կենտրոնների անդրանիկ համաժողովը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի գլխավորած պատվիրակության կազմում էր ՀՊՄՀ աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը։ Համաժողովին մասնակցում էին նաև գերատեսչության տարբեր կառույցների և բուհերի այլ ներկայացուցիչներ։

Համաժողովը վարում էր Վենետիկի Կա'Ֆոսկարի համալսարանի պրոֆեսոր Սոնա Հարությունյանը: 2022 թվականից Կոմպլյուտենս համալսարանում ՀՀ պետական ֆինանսավորմամբ գործում է Իսպանիայում առաջին հայագիտական ամբիոնը՝ Աշխարհագրության և պատմության ֆակուլտետի կառուցվածքում, որը ղեկավարում է պրոֆեսոր Ֆրանցիսկո Զորյանը:

Արթուր Մարտիրոսյանը ողջունեց մասնակիցներին և խորհրդանշական համարեց, որ առաջին անգամ կազմակերպվող հայագիտական համաժողովն անցկացվում է հենց Կոմպլյուտենս համալսարանում։ Նախարարի տեղակալը շնորհակալություն հայտնեց բուհի ղեկավարությանը և Իսպանիայում ՀՀ դեսպանատանը՝ համաժողովի անցկացման հնարավորության համար, ինչպես նաև հայագիտական ամբիոնների ղեկավարներին և ներկայացուցիչներին՝ իրենց ներդրած ջանքերի, եռանդի ու կատարած աշխատանքի համար:

Իսպանիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սոս Ավետիսյանն էլ ողջունեց և հաջողություն ու արդյունավետ աշխատանք մաղթեց մասնակիցներին:

Համաժողովին ներկա Վենետիկի, Հռոմի, Զալցբուրգի, Լայպցիգի, Սինալոայի, Թրակիայի Դեմոկրիտի, Քենեդիի, Ռոսարիոյի, Հալլե-Վիթենբերգի Մ. Լյութերի անվան և մի շարք այլ օտարերկրյա համալսարաններում գործող հայագիտական կենտրոնների ղեկավարները ներկայացրել են սահիկաշարեր՝ նվիրված իրենց ամբիոնների, կենտրոնների գործունեությանը և իրականացված ծրագրերին:

Համաժողովի ընթացքում քննարկվել են ոլորտում առկա խնդիրները, զարգացման ուղիները և համագործակցության հեռանկարները ինչպես ՀՀ կառույցների, այնպես էլ օտարերկրյա համալսարաններում գործող հայագիտական կենտրոնների միջև: