ՀՊՄՀ Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը մասնակցեց «Խթանելով հավասարությունն ու ներառականությունը բարձրագույն կրթության ոլորտում» խորագրով Էրազմուս+ միջազգային աշխատաժողովին։
Ներկաներին ողջունեցին Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր Վարդան Ազատյանը, բարձրագույն կրթության ոլորտը ներկայացնող գերատեսչական մարմինների ներկայացուցիչներ։
ԵՄ փորձագետներ «Կրթության զարգացման ինստիտուտի» (Խորվաթիա) գործադիր տնօրեն Նինոսլավ Շչուկանեց Շմիդտը, նույն ինստիտուտի բարձրագույն կրթության քաղաքականության փորձագետ Թոմաս Ֆարնելը ներկայացրին հավասարություն, ներառականություն, բազմազանություն և բարձրագույն կրթության սոցիալական չափանիշ՝ հիմնական տերմինները և քաղաքականությունները ԵԲԿՏ համատեքստում, ինչպես նաև հավասարության և ներառականության մարտահրավերները ԵԲԿՏ-ում անհավասարության հանգեցնող հիմնական գործոնները։
ՀՊՄՀ պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը պանելային քննարկմանն անդրադարձավ ՀՀ-ում բարձրագույն կրթության ոլորտում առկա մարտահրավերներին, կրթական և սոցիալական կարիքներին, բարձրացված հարցերի խնդրահարույց կողմերին։ Բանախոսը ներկայացրեց նաև բարձրագույն կրթության համակարգում առկա մարտահրավերները, խնդիրները, խոսեց ձեռքբերումների և բարեփոխումների անհրաժեշտության մասին։ Նա ընդգծեց բարձրագույն կրթության ոլորտում արդարակշռության, ներառականության կարևորությունն ու հրատապությունը։
Մարիաննա Հարությունյանը պատասխանեց բարձրագույն կրթության ոլորտի ներկայացուցիչների հարցերին և իր ելույթում ընդգծեց՝ Մանկավարժական համալսարանը ՀՀ միակ բուհն է, որը պատրաստում է հատուկ մանկավարժներ, ակտիվորեն համագործակցում ՀՀ ԿԳՄՍ, ինչպես նաև ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների հետ, համատեղ աշխատանքային խմբերում աշխատում հետազոտությունների, օրենսդրական փաստաթղթերի ստեղծման վրա՝ դրանք ներդնելով կրթական համակարգում։
Մարիաննա Հարությունյանը բարձրագույն կրթության առջև ծառացած մարտահրավերներից համարեց ֆիզիկական և սոցիալական միջավայրում առկա խնդիրները, որոնք, ըստ նրա, կլուծվեն «Ակադեմիական քաղաք» ծրագրի ներդրման շնորհիվ նաև․«Բուհերում առկա խնդիրները պետք է գլոբալ լուծումներ գտնեն՝ հիմնվելով ուսումնառության համընդհանուր ձևավորման սկուզբունքների վրա»։
Թեմային անդրադարձան նաև այլ բուհերից հրավիրված ներկայացուցիչներ՝ ընդգծելով բարձրագույն կրթության ոլորտում արդարակշռության ու ներառականության կարևորությունը, ինչպես նաև ապագային միտված ծրագրերի հրատապությունը։