Սիրելի՜ աբովյանականներ,
Ավարտին է մոտենում 2024 թվականը, և մենք կշրջենք մեր տարեգրության ևս մեկ էջ։ Աշխարհն այսօր առավել, քան երբևէ, ամենօրյա տագնապների, մարտահրավերների և պայքարի մեջ է․ դա արտահայտվում է բոլոր՝ այդ թվում նաև կրթության ոլորտում։ Անմասն չմնալով իրողություններից՝ անցնող տարում Մանկավարժական համալսարանն ունեցավ ինչպես դժվարություններ, այնպես էլ կարևոր նվաճումներ և ձեռքբերումներ։ Իրագործվեցին ուսումնական և գիտական, ուսանողական և միջազգային մի շարք ծրագրեր, որոնք միտված են ապագա ուսուցչի կրթության որակի բարելավմանը և կրթողի վեհ առաքելության իրականացմանը։
Տարեվերջը յուրատեսակ առիթ է ամփոփելու ձեռքբերումները և այդ ամուր հիմնաքարի վրա կառուցելու նորը, սահմանելու նոր ու առավել բարձր նշաձող, որ պատրաստ լինենք դիմակայելու բարձրագույն կրթության ոլորտում ներկայացվող պահանջներին։ Այս աշխատելաոճը մեզ համար օրվա հրամայական է։
Տարեմուտի նախաշեմին եկեք ևս մեկ անգամ վերհիշենք, որ ուսուցիչը մեզանից յուրաքանչյուրի կյանքում ունեցել է բացառիկ ու անփոխարինելի դերակատարում, և մղվենք եկող սերունդների համար նրանց վերարժևորելու, բարի համբավն ու նվիրական աշխատանքը գնահատելու կարևոր գործին։
Ամանորն առիթ է ոչ միայն ամփոփելու անցնող տարին, այլև նախանշելու հաջորդ տարվա անելիքները։ Եկեք յուրաքանչյուրս մեզ համար առաջնահերթություն սահմանենք պատասխանատվության բարձր զգացումը՝ դեպի կրթությունն ու աշխատանքը։ Կիրթ ու բանիմաց սերունդներն են հայ ժողովրդին հասցրել 21-րդ դար․ բազմապատկենք մեր ջանքերն ու շարունակենք այդ ընթացքը։
Թող աշխարհն ու մեր երկիրը 2025 թվականին լինեն խաղաղ, անվտանգ, աննկուն կամքով ու անսասան հավատով։
Շնորհավո՛ր Ամանոր և Սուրբ Ծնունդ: Մաղթում եմ խաղաղություն և առողջություն, սեր և երջանկություն, ուրախ օրեր և նվաճումներ։
Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյան