ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀՊՄՀ ռեկտորը առցանց մասնակցեց միջազգային  գիտաժողովի
30.10.2024
ՀՊՄՀ ռեկտորը առցանց մասնակցեց միջազգային  գիտաժողովի

ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանն այսօր առցանց մասնակցեց «Ընտանիք, երեխա, կրթություն. «դասական եռանկյունու» նոր կողմերը» երիտասարդ գիտնականների և կրթության երիտասարդ հետազոտողների XXIII միջազգային գիտագործնական գիտաժողովին:

Գիտական ձեռնարկը նախաձեռնել էին Մոսկվայի պետական հոգեբանամանկավարժական համալսարանը, Կրթության հետազոտողների ասոցիացիան ու «Կրթություն և մանկավարժական գիտություններ» դաշնային ուսումնամեթոդական միությունը։ Նպատակն էր գիտական ինքնորոշման և երիտասարդ գիտնականների սոցիալականացման համար ստեղծել հարթակ, ինչպես նաև մշակել գիտական և կրթական գործունեության խոստումնալից և հեռանկարային բանաձևեր։

Սրբուհի Գևորգյանը կարևորեց Մոսկվայի պետական հոգեբանամանկավարժական համալսարանի հետ համագործակցությունն ու նշեց՝ վերջին տարիներին երկու բուհերին միավորում են կրթության և դաստիարակության ոլորտում գիտական հետազոտությունների զարգացմանը միտված քայլերը։ Գիտական այս միջոցառումները սերտացնում են համագործակցությունն ու հետագա համատեղ գործունեության համար նոր հեռանկարներ ստեղծում:

Պրոֆեսոր Գևորգյանն իր ելույթում անդրադարձավ ժամանակակից պայմաններում հասարակությունների աննախադեպ փոփոխություններին, ընտանիքի և կրթական հաստատությունների դերի շեշտակի մեծացմանը։

Ըստ բանախոսի, ընտանիքն այն առաջնային ինստիտուտն է, որտեղ երեխան ստանում է կյանքի առաջին դասերն ու սովորում համագործակցել շրջակա աշխարհի հետ: Գլոբալ ճգնաժամերի պայմաններում՝ լինի համավարակ, տնտեսական անկայունություն, ռազմական կոնֆլիկտներ, սոցիալական հուզումներ, փոխվում է մանկություն հասկացությունը․ «21-րդ դարում մանկությունը դարձել է առավել բարդ և բազմաբովանդական, իսկ ժամանակակից երեխաների վրա, որոնք մեծանում են արագ տեմպերով զարգացող տեխնոլոգիաների, թվայնացման և գլոբալացման պայմաններում, փոխվում է նրանց աշխարհընկալումը։ Այս փոփոխությունները վերաբերում են նաև ընտանիքներին»:

Ռեկտոր Գևորգյանի դիտարկմամբ՝ այսօր գոյություն ունեն բազմաթիվ արդյունավետ պրակտիկաներ, որոնք թույլ են տալիս ինտեգրել հոգեբանասոցիալական աջակցությունն ու կրթական պրոցեսը: Սա ենթադրում է դպրոցական այնպիսի ծրագրերի ստեղծում, որոնք ուղղված են հուզական ինտելեկտի զարգացմանը, հոգեբանական տրավմայի հաղթահարմանն ու առաջին հոգեբանական օգնության ցուցաբերմանը: Գոյություն ունեն նաև ծնողներին կրթական գործընթացում ներառելուն ուղղված նախաձեռնություններ․ «Պետք է միշտ հիշել, որ կրթական համակարգը մեկուսացված չէ. այն սերտորեն կապված է մեր կյանքի՝ մշակութային, սոցիալական, տնտեսական և քաղաքական բաղադրիչների հետ: Կրթության գործընթացում, տարբեր ոլորտներ ներկայացնող մասնագետների՝ մանկավարժների, հոգեբանների, սոցիոլոգների մասնակցությունը, թույլ կտա բազմակողմանի գնահատել առկա իրավիճակն ու մշակել երեխաների և նրանց ընտանիքների հետ համագործակցության արդյունավետ ռազմավարություն»:

«Ընտանիք, երեխա կրթություն. «դասական եռանկյունու» նոր կողմերը» երիտասարդ գիտնականների և կրթության երիտասարդ հետազոտողների XXIII միջազգային գիտագործնական գիտաժողովի աշխատանքները շարունակվեցին մասնաճյուղերում, անցկացվեցին կլոր սեղաններ, ինտերակտիվ վարպետության դասեր։

Մասնակիցներն իրենց զեկույցներում անդրադարձան կրթության ոլորտում հոգեբանական հետազոտություններին, մանկավարժական պրակտիկայի ժամանակակից փորձին և նորարարություններին։ Ներկայացվեցին նաև կրթության կառավարման, սոցիոլոգիայի և կրթության փիլիսոփայության, նախադպրոցական մանկության, հատուկ հոգեբանության և ներառականության, ինչպես նաև կրթության ոլորտում թվային տեխնոլոգիաների զարգացման վերաբերյալ իրականացրած հետազոտություններ։