Ապրիլի 17-18 -ին ՀՊՄՀ-ի ռեկտոր, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սրբուհի Գևորգյանը մասնակցեց Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում կայացած «Անձի հոգեբանության արդի հիմնախնդիրները. ինքնություն և հարմարվողականություն» թեմայով միջազգային գիտագործնական գիտաժողովի։
Գիտական ձեռնարկը համախմբել էր հայաստանյան և արտասահմանյան բուհերի տարբեր ոլորտների առաջատար մասնագետների՝ հոգեբաններ, մանկավարժներ։
Հայ-ռուսական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Էդվարդ Սանդոյանն ողջույնի իր խոսքում նշեց՝ դեռևս 1978 թվականի սկզբին է ծանոթացել ժամանակակից հոգեբանության մեջ գիտական մի նոր ուղղության՝ հոգեբանության կառավարման հիմնադիրներից մեկին՝ պրոֆեսոր Ալբերտ Ֆիլիպովին, ինչն էլ զգալիորեն ազդել է նրա հետագա գործունեության վրա:
Պրոֆեսոր Էդվարդ Սանդոյանն ընդգծեց՝ լինելով տնտեսագետ, հաճախ է բախվել այնպիսի իրավիճակների, երբ ավանդական տնտեսական մոդելները չեն աշխատել մարդկանց անկանխատեսելի վարքագծի պատճառով, ինչն էլ հանգեցրել է անսպասելի հետևանքների:
Ըստ նրա, ժամանակակից տնտեսական իրականությունը պահանջում է նոր մոտեցումներ, որոնք հաշվի են առնում հումանիտար գործոնները․ հին կարգավորման մոդելներն այլևս չեն համապատասխանում արագ փոփոխվող աշխարհին:
ՀՊՄՀ-ի ռեկտոր Սրբուհի Գևորգյանն ընդգծեց՝ ժամանակակից հետազոտությունները բարձրացնում են անհատի սոցիալական հոգեբանությանը վերաբերող կարևոր հարցեր: Նա արագ փոփոխվող աշխարհի պայմաններում կարևորեց մանկավարժական մոտեցումների վերանայման անհրաժեշտությունը․«Ամերիկյան հետազոտական կենտրոնի տվյալները վկայում են նոր սերնդի ներկայացուցիչների մոտ տեղեկատվության ընկալման լուրջ փոփոխությունների մասին: Մանկավարժների առջև խնդիր է դրված ոչ միայն հարմարվելու այս փոփոխություններին, այլև կանխատեսելու դրանք»,-նշեց նա:
Գիտաժողովի շրջանակներում բանախոսները քննարկեցին մի շարք կարևոր հարցեր, այդ թվում՝ ժամանակակից տեղեկատվական միջավայրում և ինտեգրման գործընթացների համատեքստում անձի զարգացումը, ինչպես նաև կրթական համակարգում անձի հոգեբանության զարգացման խնդիրները: Անդրադարձան նաև էթնիկ ինքնությանն ու սոցիալ-մշակութային հարմարվողականությանը, անձի ազգային ինքնությանը՝ պատմական փորձի համատեքստում, միջէթնիկական հանդուրժողականության հիմնախնդիրներին, ներառական կրթությանը և այլն:
Քննարկվեցին նաև մենթալ առողջության, մարդու հուզական վիճակի ազդեցությունը հասարակության մեջ նրա հարմարվողականության, դեռահասների վրա տեղեկատվական հոսքերի ազդեցության վերաբերյալ հարցեր։