ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀՊՄՀ շրջանավարտ Անի Հովհաննիսյանը՝ Շվեյցարիայի Սանկտ Գալլեն համալսարանի դոկտոր
27.09.2021
ՀՊՄՀ շրջանավարտ Անի Հովհաննիսյանը՝ Շվեյցարիայի Սանկտ Գալլեն համալսարանի դոկտոր

Մանկավարժական համալսարանի Կրթության հոգեբանության և սոցիոլոգոիայի ֆակուլտետի շրջանավարտ Անի Հովհաննիսյանը վերջերս Շվեյցարիայի Սանկտ Գալլեն համալսարանում հաջողությամբ պաշտպանել է դոկտորական ատենախոսություն։ Անիի մագիստրոսական թեզի ղեկավարի կարծիքով՝ սովորելու առաջին իսկ տարիներից նա առանձնանում էր հոգեբանության նկատմամբ մեծագույն հետաքրքրվածությամբ և մոտիվացիայով։

Բուհում ձեռք բերած գիտելիքներն էլ ձևավորեցին նրա գիտական հետաքրքրությունների այն շրջանակը, որը հնարավոր եղավ ամբողջացնել մեր երկրի սահմաններից դուրս։ ՀՊՄՀ ուսումնագիտական գծով պրոռեկտոր Սրբուհի Գևորգյանը նկատում է՝ արտասահամանյան մի շարք երկրներում ունեցել ենք բազմաթիվ հաջողված փորձեր, բայց սա առաջինն է, որ Շվեյցարիայի Սանկտ Գալլեն համալսարանում Մանկավարժականի շրջանավարտը պաշտպանում է դոկտորական ատենախոսություն հոգեբանության գծով։

Պրոֆեսոր Գևորգյանը հատկապես կարևորեց նրա պաշտպանության թեման, որը վերաբերում է բուհական համակարգում կոռուպցիոն ռիսկերին՝ ակադեմիական ազնվության տեսանկյունից, գիտնականի՝ հավուր պատշաճի գործունեություն ծավալելու կարևորությանը, ինչը վերջին շրջանում հատկապես ավելի շատ է քննարկվում։

Անի Հովհաննիսյանն ատենախոսության շրջանակներում անդրադարձել է նաև գիտական հովանավորչությանը, որը վնասում է ոչ միայն տվյալ անձին, այլև, փորձը ցույց է տալիս, որ տարիներ անց այդ որակն անդրադառնում է բազմաթիվ ճակատագրերի վրա և ոչ համարժեք հմտություններ և կարողություններ ունեցող մարդը հայտնվում է ոչ իր տեղում՝ չկարողանալով լիարժեք իրականացնել իր առաքելությունը։

Պրոռեկտոր Գևորգյանը հավելեց նաև, որ Անի Հովհաննիսյանի հետ արդեն կա պայմանվորվածություն առցանց դասախոսություններ անցկացնելու մասին, ինչը գերազանցության լավագույն մոդելն է և մոտիվացիա ունենալու առիթ՝ ուսանողների համար։