ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանն այսօր հյուրընկալել էր Լոս Անջելեսի «Հայաստան» մշակույթի կենտրոնի հիմնադիր Արման Վարդանյանին և «Հայաստան» պարային համույթի գեղարվեստական ղեկավարներ Տիգրան և Օվսաննա Վարդանյաններին։
Ինչպես հանդիպման ընթացքում նշեց Պարարվեստի մանկավարժության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Կարեն Գևորգյանը, բուհի շրջանավարտներ հայր և որդի Վարդանյաններն արդեն տասնամյակներ զբաղված են ԱՄՆ-ում հայերին հայ պահելու, կրթելու, հայեցի դաստիարակելու կարևոր առաքելությամբ։
Նա կարևորեց պարարվեստի նվիրյալների կապը հարազատ բուհի և ամբիոնի հետ՝ համերգների, այցելությունների ձևաչափով, տեսական, գործնական աջակցությամբ։
«Հայաստան» պարային համույթը Հայաստանում է հիմնադրման 25-ամյակին նվիրված հոբելյանական համերգի շրջանակներում։ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացած փայլուն մենահամերգը, լեփ-լեցուն դահլիճը, մշակույթի ոլորտի երևելիների ներկայությունը Կարեն Գևորգյանը համարում է ապացույց՝ որտեղ էլ հայն ապրի, ստեղծագործ, արարող ժողովուրդ է․ «Իր հարկի տակ հարյուրավոր երեխաների ընդունած գործիչները մեր մշակույթի հարատևության երաշխավորն են դարձել երկրից դուրս։ Նրանց հոգին ամրագրված է հայ մշակույթում, նրանք կարողանում են պահել հայի ինքնությունը, օտար հողում մեր երեխաներին տալ հայեցի կրթություն և պահել ազգային ոգին»,-նշեց նա։
ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանը բարձր գնահատեց հյուրերի անցած ուղին ու նկատեց՝ ժամանակակից գլոբալիստական աշխարհում հատկապես կարևոր է հայապահպանությանը միտված նրանց գործունեությունը։
Ռեկտորը վստահեցրեց՝ Մանկավարժականում մշտապես պատրաստ են համագործակցել, համատեղ լուծել առկա խնդիրները, լինել հարթակ՝ մասնագիտական գործունեության ծավալման, գիտահետազոտական պոտենցիալը զարգացնելու, արդյունավետ փոխներգործելու համար։
Պրոֆեսոր Գևորգյանը բարձր գնահատեց նաև Կարեն Գևորգյանի ունեցած ավանդը պարարվեստի բնագավառում․ վստահ է՝ համատեղ միջոցառումները, վարպետության դասերը, միմյանց աշխատանքների առանձնահատկություններին ծանոթանալը կապահովի Հայաստան-Սփյուռք արդյունավետ երկխոսություն։
Սրբուհի Գևորգյանը Տիգրան և Օվսաննա Վարդանյաններին հանձնեց պատվոգիր՝ Լոս Անջելեսում հայկական ժողովրդական պարերի պահպանման, հանրահռչակման և հայեցի կրթության իրագործման համար։
Արման և Տիգրան Վարդանյանները շնորհակալություն հայտնեցին հարազատ կրթօջախին աջակցության, կատարած աշխատանքը բարձր գնահատելու համար և վստահեցրին, որ շարունակելու են հայապահպան գործունեությունը ՝ ի նպաստ բուհի և մեր երկրի։